Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դատարկելու շպրտեց հատակի վրա։ Գինու շիթերը ընկան հանդիսականների երեսին, ի միջի այլոց և մի կաթիլ Ռուստամի ճակատի վրա։

Հանդիսականները զարմացած նայեցին Սեյրանի երեսին։

Ռուստամը ինչպես կար կանգնած, նույնպես և մնաց, միայն նրա դեմքը մի վայրկյանում փոխվեց, կտավի պես սփրթնելով։

Քառորդ րոպեի չափ տիրեց լռություն։ Ո՛չ ոք չհասկացավ Սեյրանի խոսքերի միտքը։

— Բաժակը ի՞նչ էր արել քեզ, — ընդհատեց խորհրդավոր լռությունը անմիրուք առևտրականը։

— Բաժակը՞։ Ես բաժակը փշրելով, փրշում եմ այն մարդու պատիվը, որին դուք այդքան պատվում եք և որն այդ բաժակի տերն է։

Ռուստամը մի քայլ առաջ շարժվեց դեպի Սեյրանը, բայց կրկին կանգնեց և աջ ձեռը առաջ տարածելով, շնչասպառ ձայնով ասաց.

— Պարոն Սեյրան, ես քեզ չեմ ճանաչում, առաջին անգամն եմ տեսնում երեսդ։ Ասա՛, ինչո՞ւ ես եկել իմ խանութը և ինչո՞ւ ես այդ անպատիվ խոսքերն ասում։

— Անպատիվ մարդը անպատիվ խոսքերի է արժանի։ Ես եկել եմ, որ քեզ ճանաչեցնեմ այստեղ եղողներին (նա մատնացույց արավ հանդիսականներին)։ Բենամուս ջահիլ, ես քեզ խոսք ասացի, դու նրա միտքը չհասկացար։ Եթե ուզում ես, կարող եմ պարզ ասել...

— Սեյրան, ի՞նչ ես դուրս տալիս, գինին քեզ գժվեցրել է, — ընդհատեց միրքավոր երիտասարդը։

— Այդ քո բանը չի, քաշվիր։ Ես որքան էլ որ հարբած լինեմ, գիտեմ ինչ եմ խոսում։

— Դուրս եկ, կորիր, թե չէ, աստված գիտե, արյունս գլխովս է տալիս, — գոռաց Ռուստամը այնպիսի կատաղի ձայնով, որ հանդիսականները սարսեցին։

— Թող կորչի այն մարդը, որի նամուսը աղբի մեջ է թաղված։ Ռուստամ, աչքերդ բաց արա, ես Սեյրանն եմ, այն Սեյրանը, որ քո ընտանիքում երկրորդ հայր կլինի շուտով։ Գնա՛, գնա՛, քաշիր