Նա յափունջին ուսերից ցած գցեց, կանգնեց օթևանի մեջտեղում և դաշույնը մերկացրեց։
Այդ ժամանակ նրա աչքերը փայլեցին կատաղի հրով, շրթունքները սեղմվեցին, քնթի պնչերը փքվեցին։ Նա մտիկ արավ դաշույնի այս երեսին, այն երեսին և կոթը ավելի ու ավելի աջ ձեռում սեղմելով, փոքր առ փոքր բարձրացրեց։ Նա դաշույնի ծայրը պահեց կրծքից մի փոքր ներքև, ձախ ձեռը հենեց կողքին և յուր հայացքը դարձնելով աջ ձեռին, որով սեղմած ուներ դաշույնի կոթը, ասաց.
— Առանց հաղորդվելու, տեր աստված, տալիս եմ իմ հոգին սաթայելի ձեռը։ Խանչա՛լ, անցյալ օրը քո ծախողը գովում էր քեզ, ես քեզ մինչև այժմ չեմ փորձել, տեսնենք ինչպես ցույց կտաս հունարդ։
Սեյրանի ձախ ձեռը թուլացավ, ընկավ կողքին, աջ ձեռը դողաց, և հանկարծ դաշույնն ընկավ օթևանի հատակի վրա սուր ծայրով և խրվեց գետնի մեջ։
— Չէ, չեմ կարող, աստված չի թողնում։
Նա վերցրեց դաշույնը և շպրտեց օթևանի մի անկյունը։
— Դու չես կարող Սուսանին մահից ազատել, — ասաց նա, նայելով դաշույնին։
Դեռ ժամանակ կա, ժամանակ կա սխալը ուղղելու։ Այս րոպեին, հենց այս րոպեին վարձել մի ձի և շտապել Ռուստամի հետևից։ Նա կարող է հասնել նրան։ Կհասնի, ճշմարտությունը կպատմե, կասե, որ սուտ է ասել, որ հարբած էր։ Այդ լավ պատճառ է — հարբած լինելը։ Տեր աստված, գոնե այս անգամ նրան միտդ բեր, այս անգամ օգնիր, իսկ հետո ինչ ուզում ես — կանես։ Արարիչ աստված, քո ձեռին է ամեն բան, կարող ես Ռուստամի ձիու մի ոտը ճանապարհի կիսում կոտրել կամ Սեյրանի ձիուն թևեր տալ։
Նա յափունջին կրկին ձգեց ուսերի վրա, վեր առավ դաշույնը, դրեց պատյանի մեջ, երեսը երեք անգամ խաչակնքեց և դուրս գնաց։
Դրսում քամի չկար, արեգակ էր, բայց եղանակը սաստիկ սառն։ Սեյրանն ուշադրություն չդարձնելով յուր հագուստին, դիմեց