Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կանգնած էին մնացյալ գործակատարները թվով չորս հոգի, մեկը ոսկեղենների մոտ, մյուսը մի քանի քայլ հեռու սրանից, մանուֆակտուրայի ապրանքների թանկագին կտորների մոտ, երրորդն ու չորրորդը համեմատաբար էժանագին ապրանքների կողմ։ Աղա Մակարն ինձ հրամայեց տեղ բռնել սրանց բոլորի վերջում և պատվիրեց ամենավերջին գործակատարին, որ ինձ սովորեցնե առուտուրի եղանակը, այսինքն՝ մուշտարիների հետ խոսելու և վարվելու ձևը, չիթ կամ ուրիշ կտորներ չափելու արվեստը և այլն։

Ինչ վերաբերում է այն պատանուն, որն ինձ հետ միասին դրսից ներս ապրանք էր կրում, կանգնած էր զաստոյկայից դուրս դեպի դռան կողմը։ «Ուրեմն մի բան տեսել է իմ մեջ Մակար աղան, որ հենց առաջին օրն ինձ իրավունք է տալիս մտնել զաստոյկայի ներսը» — մտածեցի ես։ Ես նկատեցի դռան մոտ կանգնող պատանու դեմքի վրա դժգոհության ժպիտ և իսկույն հասկացա, որ նա ինձ նախանձում է։

Իրիկնադեմին աղա Գուլամյանցը, վերադառնալով շուկայից, հրամայեց մագազինը կողպել։ Գործակատարները կատվի արագությամբ կատարեցին նրա հրամանը, և մի րոպեում բոլորս դրսում շարվեցինք նրա շուրջը։ Ես ամեն կերպ աշխատում էի աղա Գուլամյանցի աչքին երևալ, նրա ուշադրությունն ինձ վրա դարձնել։ Մի քանի պատվերներ տալով, նա արձակեց բոլորին, ինձ հրամայեց յուր հետ տուն գնալ։

Օրը դեռ այնքան չէր մթնել։ Ցերեկվա շոգից հետո երեկոյան զովարար օդը թափանցելով իմ թոքերի մեջ, կարծես, մի տեսակ դուրեկան և թմրեցուցիչ հեղուկ էր տարածում հոգնածությունից թուլացած նյարդերիս մեջ։ Ես գնում էի աղա Գուլամյանցի հետևից, ի նշան խոնարհության, մի քանի քայլ հեռու պահելով ինձ նրանից։ Ոտներս հազիվհազ էի առաջ շարժում ամբողջ օրն ոտքի վրա անցկացնելուց հետո։ Ժամանակ առ ժամանակ աղա Գուլամյանցը յուր գլուխը բարձրացնելով և երեսը շուռ տալով, հետ էր մտիկ տալիս։ Մեր անցած փողոցը քաղաքի գլխավոր շուկան էր, որին տեղացիները անվանում էին Գուրջի-բազար։ Այստեղ տիրում էր սաստիկ աղմուկ և դղրդոց։ Մրգավաճառ