Սանամը, որ Շամախու ամենաեկեղեցասեր պառավներից մեկն էր, զանգակների ձայնը լսելով, իսկույն չարշովը գցեց գլխին։
— Սուսան, մինչև հետ գալս, չայը պատրաստիր, որ ցրտից գամ, մի երկու բաժակ տաք-տաք խմեմ, — հրամայեց նա, դռներից դուրս գնալիս։
— Աչքիս վրա, — պատասխանեց Սուսանը և շտապեց կատարելու յուր սկեսրոջ հրամանը։
Անցավ մի քառորդ ժամ Սանամի դուրս գնալուց, Սուսանը գնաց խոհանոց, ինքնաեռը կրակ գցեց և կրկին վերադարձավ սենյակը։
Պսակվելուց հետո առաջին վեց շաբաթվա ընթացքում Սուսանի առողջությունը բավական կազդուրվել էր։ Նրա նիհարած և վաղաթառամ երեսի վրա կրկին սկսեցին երևալ նախկին կայտառության նշանները։ Բայց ավա՜ղ, այդ բարեփոխությունը երկար չտևեց։ Անցան առաջին շաբաթները, նա կրկին սկսեց թառամիլ, և այս անգամ ավելի արագ։ Սանամն այդ նկատում էր։
— Ախչի, ի՞նչդ է պակաս, որ օրեցօր էդպես հալվում մաշվում ես, — հարցնում էր նա ստեպ-ստեպ։
— Չեմ իմանում, — պատասխանում էր Սուսանը ամեն անգամ ծանր հառաչելով։
— Ախար էլի։
— Ով է իմանում, կարելի է, նրանից է։
— Ինչի՞ց։
— Պատճառավոր...
— Դրո՞ւստ, երկուհոգիս ես։
Եվ այսպես, վերջապես, Սանամը գտավ յուր հարսի մաշվելու պատճառը և դադարեց անհանգստացնելու նրան յուր միատեսակ և ձանձրացուցիչ հարցերով։
Երբ Սուսանն առանձնացավ սենյակում, նստեց թախտի վրա և սկսեց նիհարած ձեռներին նայել։
— Դրուստ է, շատ եմ լղարել, մատներս չոփեր են դարձել, ոսկորներս համրել կարելի է, — ասում էր նա ինքն իրան, ձեռները սեղմելով և բանալով։