Նրան սկսեցին հանդիպել ծանոթ դեմքերը, բայց, խորասուզված յ ուր մտքերի մեջ, ոչ ոքի վրա ուշադրություն չէր դարձնում։ Այս ու այն կողմից ծանոթները, նրան տեսնելով, զանազան նշաններով սկսեցին ողջունել գալուստը։ Նկատում էր թե ոչ այդ բարևները, բայց անտարբերությամբ մի հայացք ձգելով բարևողների վրա, առանց պատասխանելու անցնում էր։ Երբ հասավ իրանց փողոցի ծայրին, այստեղ կրկին պահեց ձիուն։
Հասել է, տեր աստված, ջնջիր Սուսանի կրծքից այդ նշանը, ոչնչացրու խալը, եթե միայն կա, ապա թե չէ — նրա աչքերը կտեսնեն։ Մի՛ կորցնիր Ռուստամի հոգին, տեր, մի՛ թողնիր, որ նա դժոխքի կերակուր դառնա, նա չի ուզում, արյուն թափել։ Օհ, եթե կարելի լիներ ծակել նրա սիրտը, միջի արյունով ջնջել Սուսանի կրծքի այդ խալը, որ նա չտեսնե։
«Սիրտս վկայում է, որ կա այդ խալը Սուսանի կրծքի վրա», — ավարտեց Ռուստամը և, ձիուն մտրակելով, հասավ իրանց դռներին։ Նա արագությամբ ցած իջավ ձիուց և, մի ուժգին հարված տալով դռներին, բաց արավ և ձիու սանձը ձեռին ներս մտավ։
Ռուստամը գլուխը վեր բարձրացրեց, և նրա հայացքը ընկավ պատշգամբի վրա կանգնած մի կանացի կերպարանքի վրա։ Այդ Ժամանակ, կարծես, մեկը սաստիկ հարված տվավ նրա հետևից։ Ձիու սանձը ընկավ նրա ձեռից, և ինքը մի քանի քայլ առաջ գնաց ու կանգնեց։ Կանացի կերպարանքն անշարժ կանգնած նայում էր։ Ռուստամը առաջ գնաց, բայց, ձիուն մտրակելով, նորից հետ դարձավ, սանձը վերցրեց և ձեռով նշան արավ կանացի կերպարանքին։
Սուսանը չհավատաց աչքերին, նա չհավատաց, որ յուր առջև կանգնած է ամուսինը։ Սակայն երկար չտևեց երկմտությունը, նա ուշքի եկավ, մի ինչ-որ բառ արտասանեց բարձր ձայնով և պատշգամբից գլխակոր ցած իջավ։ Ամուսնական պարտավորություն էր, թե մի ուրիշ զգացմունք, Սուսանը մի ուրախ ժպիտ երեսին դիմավորեց Ռուստամին։ Բայց որ այդ ժպիտը կեղծ էր և ակամա — այդ երևում էր Սուսանի աչքերից, որոնց արտահայտությունը չէր համապատասխանում նրա շարժումներին։ Նա վազեց դեպի Ռուստամը։ Բայց երբ հայացքն ընկավ վերջինի այլայլված դեմքի