— Ո՞ւմ համար է, ասում եմ, այս անկողինը։
— Քեզ համար։
— Ինձ համա՞ր։ Շատ շնորհակալ եմ... հապա... անեծք քեզ չար սատանա։
Սուսանը դողալով մի քայլ հետ քաշվեց։
— Ինձ համա՞ր է։
— Քեզ համար։
— Հապա մյո՞ւսը։
— Ի՞նչ մյուսը։
— Մյուս անկողինը՞։
Սուսանը այս ու այն կողմ նայեց, աշխատելով խույս տալ Ռուստամի զննող հայացքից։
— Չե՞ս իմանում։
— Ի՞նչ։
— Ես քեզ հարցնում եմ, թե...ըմ... անեծք քեզ չար սատանա... հարցնում եմ, ո՞րտեղ է երկրորդ անկողինդ։
Սուսանը լուռ էր։
— Չե՞ս լսում։
— Ի՛նչ ես ասում, — հարցրեց Սուսանը դողդոջուն ձայնով, միևնույն ժամանակ ապշած նայելով Ռուստամի ուսերին։
— Ես հարցնում եմ, ո՞ւր է երկրորդ անկողինդ, — կրկնեց Ռուստամը։
— Չեմ հասկանում։
— Չե՞ս հասկանում ինչ եմ ասում․․․ այն մյուսը, որ, որ․․․
Ռուստամը չկարողացավ ավարտել յուր խոսքը։ Բարկությունից նրա շունչը սպառվում էր։ Նա նորից սկսեց շրջել հետ ու առաջ։ Նա մտածում էր․ «սատանա, ինչպես կարողանում է անմեղ ձևանալ իմ առաջ, իբրև թե ոչինչ չի հասկանում»։
Մի քանի րոպե Ռուստամը շրջեց, հետո մոտեցավ անկողնին և պառկեց, առանց հանվելու, այնպես ինչպես ներս էր մտել։ «Անեծք քեզ չար սատանա, անեծք» — կրկնում էր նա մտքում — եթե խալը տեսնեմ... հետո՞, տեր աստված, հետո՞։ Կարելի է նա տեսել է երեխայության Ժամանակ, կարելի է նա երկրաշարժի օրն է տեսել, երբ նրանք միասին հողի տակ են մնացել։ Կարելի է ինքը