էր խառնիճաղանջ ամբոխով։ Մեծ թե փոքր, կին թե տղամարդ, ամենքը դիմում էին դեպի Սանամի տունը, որ այդ ժամանակ ներկայացնում էր սիրտ մորմոքող տեսարան։
Ոստիկանները աշխատում էին հետ մղել ամբոխը, բայց ամենքը ձգտում էին մի կերպ առաջ շարժվել։
— Հայիֆ, հայիֆ էն գյոզալը, — լսվում էր այս ու այն կողմերից։
— Ասում են, որ ինչքան` գյոզալ էր, էնքան էլ լավ հոգի ուներ։
— Խեղճ ողորմելին անմեղ տեղը փչացավ գազանի ձեռքին։
— Ռուստամը իսկի մեղավոր չէ, — մեջ մտավ մոտ քսան ու երկու տարեկան մի երիտասարդ եվրոպական ձևով հագնված։
— Հապա՞։
— Մեղավորը մեր քաղաքի վատ սովորությունն է։ Երեսը կապած աղջկան տալիս են մի անծանոթ տղայի։ Տղան ուրիշների խոսքին հավատալով, ուրիշների խոսքերով էլ կարծիք է կազմում յուր կնոջ մասին։ Եթե մեկը մի ծուռ բան է ասում, թեև սուտ, նրա աչքերը արյունով լցվում են, խելքը կորցնում է և ահա այդպես է անում։
— էհ, աստված ինչ որ գրել է մեր ճակատին, պիտի կատարվի, մնացյալը դատարկ բան է, — ընդհատեց երիտասարդին մի քառասուն տարեկան մարդ։
— Հայիի՜ֆ, հայի՜ֆ։
Այսպիսի և ուրիշ նման ցավակցական դարձվածներ էին լսվում անդադար ամբոխի միջից։
Սենյակներից մեկում հատակի վրա ձգված էր Սուսանի արյունաշաղախ և արյունաքամ դիակը։ Պատուհանի վերին ապակիներից առավոտյան լուսո ճառագայթները խուռն ամբոխի վրայով հազիվ ներս սահելով, լուսավորում էին դիակի բաց երեսը։ Խաղաղության հրեշտակը յուր թևերը տարածելով այդ պայծառ երեսի վրա, հովանավորում էր նրան մի տեսակ մռայլ ստվերով։ Պարսկական շքեղանկար գորգը, որ սփռված էր դիակի տակ, ծածկվել էր Սուսանի արյունով։ Դիակի շուրջը հավաքվել էին Սուսանի ծնողները, ազգականները, բարեկամները և մոտակա