Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տարածում օդի մեջ, շրջում էր այս ու այն կողմ, սրան ու նրան զանազան անհասկանալի հարցեր առաջարկելով։ Նա գոռում էր, գոչում, և ոչ ոք նրա վրա ուշադրություն չէր դարձնում։

Մինչ դիակի շուրջը կատարվում էր այդ տեսարանը, Սանամի ննջարանում տեղի ուներ մի ուրիշը։ Երկու ոստիկանները սենյակի դռներում կանգնած, հետ էին մղում Սանամին, որ գոռալով, մազերը փետտելով, կուրծքը ճանկռտելով, գլխամոլոր ձզտում էր ներս։ Նրա հետևից խռնվում էր ամբոխը մեծ բազմությամբ։

— Անիծվեք, գյուլլախորով իլիք, բաց թողեք, բալիս երեսը տեսնեմ, նրան տանում են...

Իսկ ի՞նչ էր անում ողբերգության գլխավոր դերակատարը, Ռուստամը։ Նրա ճակատագիրը պարզ էր։ Ռուստամի աջ կողմում կանգնած էր ոստիկանապետը, ձախ կողմում մի փոքրիկ սեղանի շուրջը նստած էր քննիչը։ Ստեպ-ստեպ ակնոցները ուղղելով, քննիչը խոժոռ դեմքով նայում էր հանցավորին և զանազան հարցեր

առաջարկում։ 

Ռուստամը լուռ էր և գլուխը քարշ ձգած։ Նա, կարծես, քննիչի հարցերը չէր լսում։ Քննիչը տեսնելով, որ Ռուստամը համառությամբ լռում է և բացի «ես եմ սպանել»-ից, ոչինչ չի ուզում պատասխանել, գրիչը դրավ սեղանի վրա և ասաց ոստիկանապետին.

— Տարեք բանտը, պահեցեք մի առանձին տեղ մինչև իմ գալը։

Ռուստամին դուրս տարան։ Բայց նա հենց նոր էր ոտը դրել պատշգամբի վրա, ամբոխի միջից հանկարծ լսվեց մի աղաղակ, և նույն վայրկյանին ճանապարհի հագուստով մի երիտասարդ առաջ վազեց։

— Սեյրանը, ախ, դու Հուլիանոս, թողեք շանսատակ անեմ, — գոռաց Ռուստամը, կամենալով վազել դեպի երիտասարդը։

Ոստիկանները նրան պահեցին։ Սեյրանը բացականչում էր.

— Բռնեցեք Ռուստամին, մի թողեք մոտենալ Սուսանին։ Ես սուտ եմ ասել, սուտ, խաբել եմ։ Սուսանը անմեղ է, անմեղ է հրեշտակի պես. խալը մայրս է տեսել բաղնիքում, ես չեմ տեսել։