Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եմ։ Եթե բնակարանն ուզող լինի, գինը խոմ գիտեք, մի կոպեկ էլ չպակասեցնեք հիսուն մանեթից։ Լսո՞ւմ եք, մի կոպեկ էլ։

— Շատ լավ։

Այրին գնաց, Ռոստամյանը, յուր ընդհատված մտքերն ամփոփելու համար, մի քանի վայրկյան դժգոհ հայացքը ձգեց լուսամուտից դեպի դուրս։

Գեղեցիկ էր այն օրվա եղանակը։ Այդ — ձմեռավերջի այն օրերից մեկն էր, երբ մարդու սիրտը լցվում է անորոշ անձկությամբ, և նա հոգով ձգտում է օրով առաջ դեպի գարուն։ Պարզ, անխառն էր երկինքը․ մի շաբաթ էր, որ նա չէր սքողվում ամպերով։ Միայն հյուսիսից երբեմն բարձրանում էին մոխրագույն թուխպեր և տարածվում հորիզոնի ստորին կողմերում, բայց կեսօրվա դեմ, հանդիպելով օդի ջերմ հոսանքին, ինքն ըստ ինքյան արագ չքանում էին երկնային տարածության մեջ։

Նույն վայրկյանին, երբ Ռոստամյանը նայում էր դեպի դուրս, նրա լուսամուտը առջևով, զորեղ ձեռքից արձակված քարերի պես, սլանում էին սրաթռիչ ճնճղուկները, խաղաղ օդը շարժելով իրանց թևերի արագ հարվածներով։ Ախտաբորբոք աղավնիների մի երամ, դիմացի ցածրաշեն տան կտուրի վրա նստած, կտցահարում էր միմյանց։ Ամեն ինչ հրճվում էր գարնան մերձավորությամբ, անգամ մենակյացի սենյակի փոքրաթիվ ճանճերը, որոնք, սև բիծերի նման կպել էին լուսամուտի ապակիներին և ախորժելի թմրության մեջ չէին շարժվում իրանց տեղերից։

Հեռու տարածության մեջ երևում էր Թիֆլիսի հյուսիսային շրջակայքը — Կոլոնիան, Մուշտայիդի անտերև ծառերի սև խտությունը, օձապտույտ Քուռի գեղեցիկ հովիտը — և ապա հեռու ու ավելի հեռու լուսավորվում էին Կովկասյան լեռներն, որոնց մեջ թագավորում է Կազբեկն, ինչպես մի պատկառելի նահապետ, շրջապատված յուր զավակներով։ Նորեկ ձյունի թարմ ծալքերով ծանրաբեռնված բարձրագագաթ լեռան վրա, բացի մի քանի ուղղահայաց ժայռերից, որոնց վրա ձյուն չի նստում, չէին երևում այն սև գծերն և մեծ խորշերը, որ փորվում է նրա կրծքի վրա միջնամառային հրատապ շոգերից։ Յուր սպիտակ զգեստավորության մեջ նա նայում էր ուրախ, սառուցք դարձած ձյունի բյուրավոր աստղիկներով