Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


էր անում այրի Նատալիա Պետրովնային։ Այս պատճառով, ճարահատված, նա հետաքրքրվող և անհամբեր մայրերին պատասխանում էր,

— Իմ կենողն ուզում է, որ վարդապետ օծվի․ ձեռք վերցրեք նրանից, քա՛։

III

Նատալիա Պետրովնայի հյուրասենյակը լուսավորված էր մի բարձր և գեղեցիկ կանթեղով։ Այդ կանթեղն այրին վառում էր միմիայն այն երեկոները, երբ հյուրեր պիտի ընդուներ։

Ռոuտամյանը նստած էր սենյակի անկյունում դրած գահավորակի մի ծայրում և ձեռներով խաղում էր սեղանի գույնզգույն ասեղնագործ սփռոցի ծոփերի հետ։ Գահավորակի մյուս ծայրում նստած էր այրին և հյուսում էր յուր անբաժան գուլպան։ Դեմ ու դեմ փափուկ բազկաթոռի մեջ խրված էր մի փոքրահասակ, սև աչքունքով, բավական գեղեցիկ երիտասարդ կին։ Դա այրիի դուստրն էր — Կատոն։ Տիկինը հագած էր նուրբ հյուսված, ալիքավոր ժապավեններով զարդարված մետաքսյա հագուստ։ Կարելի էր կարծել, որ նա պճնվել է մի փառավոր հանդիսի համար, եթե նրա մինչև արմունկները հասնող երկայնավիզ կինեմոնագույն ձեռնոցներն ավելի թարմ լինեին։ Նա պատմում էր յուր մորը կանացի հագուստի ինչ որ նոր ձևերի մասին, որ Թիֆլիսում ստացվել էին գարնան համար։

Նախասենյակից լսվեց Մինաս Կիրիլլիչի ձայնը։ Այրին շտապեց հյուրերին դիմավորելու։

Ներս մտավ նախ աղջիկն և ապա, ծանր քայլերով, հայրը։ Վարվառեն առանց գլխարկի էր։ Պարզ գույնի փայլուն, խիտ․ ծայրերը փոքր ինչ խոպոպ մազերը, մի հասարակ մետաղյա հերակալով ժողովված, հանգչում էին կանոնակազմ գլխի վրա։ Հերակալից ազատ մնացած մազերի կարճ մասերը, իբրև գեղեցիկ ժապավեն, զարդարում էին նրա ճակատի վերին կողմը։ Նրա մեջքը բարակ էր և սեղմված կորսեի մեջ, թիկունքն ու կուրծքը բավական զարգացած։ Արդարև, ինչպես ասաց Նատալիա Պետրովնան,