— Ոչ միայն երգում է, Կատյուշա, դու պիտի լսես, թե ինչպես է խաղում դաշնամուրի վրա,— խոսեց դարձյալ այրին ոգևորված․— ես հիացած եմ․․․
— Այժմ ամենքն էլ երգում են ու խաղում,— արտասանեց Կատոն, հեգնորեն ժպտալով․— Թիֆլիսը երաժշտական քաղաք է․․․
— Գիտեք, Վարվառա Մինայեվնա,— ընղհատեց այրին յուր աղջկա նախանձոտ նկատողությունը,— իմ Կատոն էլ խիստ լավ երգում է ու խաղում, մի օր կխնդրենք ձեր երկուսին, որ մեզ համար միասին երգեք։ Լավ չե՞մ ասում, Մինաս Կիրիլլիչ։
— Կեցցե՛ք, Նատալիա Պետրովնա,— գոչեց ծերունին ուրախությամբ,— շատ լավ եք ասում։ Մի օր ամենքդ եկեք մեր տուն հյուր, մենք Կատերինա Սիմոնովնային և Վարիային կստիպենք, որ երգեն։
— Ես խաղում եմ ու երգում ինքս ինձ համար, ուրիշներին իմ ձայնով զարմացնելու շնորհք չունիմ,— ասաց Կատոն կծու ձայնով։
Այրին գաղտնի հանդիմանությամբ նայեց աղջկա երեսին և գլուխը շարժեց։
Կատոն բնավորությամբ, ինչպես և կազմվածքով, յուր մոր հակապատկերն էր։ Նախանձամիտ, կրքոտ, բծախնդիր տիկինը չէր կարողանում երիտասարդ կանանց հետ բարեկամանալ, մանավանդ գեղեցիկ կանանց հետ։ Վարվառեն հենց առաջին վայրկյանից գրգռեց նրա նախանձը, մանավանդ յուր հասակով, որովհետև այս այն առավելությունն էր, որ սիրում էր Կատոն և որից զուրկ էր։ Այսքանը միայն բավական էր Կատոյի սիրտը թունավորելու համար։ Եվ ահա այդ նորեկ սիրուն կինը, ասում են, դեռևս «հիանալի» երգելու և խաղալու ձիրք էլ ունի։ Խայթված ինքնասիրությամբ նա աշխատում էր Վարվառեի մեջ գտնել որևէ մի արտաքին թերություն, և երբ մի խոշոր բան չգտավ, սկսեց ինքն իրան հավատացնել, թե Վարվառեն անկասկած, արհեստական միջոցներ է գործադրում թե՛ իրան այդպես կանոնավորելու և թե հասակը բարձրացնելու համար։ Երեսի գույնը շատ էլ պարզ չէ և եթե թարմ է, ո՛վ կարող է հաստատել, որ երիտասարդ լինելուցն է։ Կանանց գեղեցկացնելու համար արտասահմանում,