Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ասում են, հազար տեսակ արհեստական միջոցներ կան, դա էլ այնտեղ սովորած կլինի։ Կատոն լսել է, որ վերջին ժամանակ Փարիզում մի բժիշկ չորս հարյուր ֆրանկով կանանց ծնոտի կողմից մի քիչ ծակում է և կաշվի տակ ինչ որ դեղ է սրսկում։ Այդ դեղը հավիտյան պահպանում է երեսի թարմությունը։ Շատ հավանական է, որ Վարվառեի մազերն էլ կեղծ են, պետք է մոտիկից մի լավ զննել։ Գալով երգելուն և նվագելուն, ո՞վ գիտե, շատ կասկածելի է, որ նա լավ ձայն ունենա, ի՛նչ է հասկանում Նատալիա Պետրովնան, որ կարողանա ճիշտ գնահատել «գեղարվեստը»։

Կատոն այս խորհրդածությամբ չբավականացավ։ Նրա գեղեցկությունը նսեմացել էր փոքրիկ շրջանում, երեկոն թունավորված էր, ուստի պետք զգաց մի փոքր վրեժխնդիր լինելու։ Նրա փոքրիկ ու սուր աչքերից խույս չտվեց, որ Ռոստամյանն երբեմն մտիկ էր անում այդ, «իբր թե» սիրուն, նորեկի վրա, իսկ դեպի յուր կողմը բոլորովին ուշադրություն չի դարձնում։ Ո՞վ է այդ կինը, այդ պառավ մարդու աղջի՞կն է իսկապես, թե՞․․․ Վերջապես, շատ էլ երբեմն մաքուր մարդիկ չեն լինում «Թիֆլիս եկողները»։

Նատալիա Պետրովնան գնաց մյուս սենյակ և, մի քանի վայրկյան անցած, մատուցարանի վրա ներս բերեց չոր մրգեղեններ, մի քանի փոքրիկ և մեծ բաժակներ, մի շիշ գինի և մի շիշ կասիս, որով ամուսնու կենդանության ժամանակից նա սովոր էր հյուրասիրել ընտիր հյուրերին։ Առաջին բաժակը քաղցր խմիչքից այրին առաջարկեց Վարվառեին։ Վերջինը դրականապես հրաժարվեց խմելուց։

— Վարիան երբեք ոչ մի խմիչք չի խմել մինչև այսօր,— պաշտպանեց ծերունին իր աղջկան այրիի թախանձանքի դեմ։

«Խիստ է կոտրատվում»,— ասաց յուր մտքում Կատոն և կարմիր հեղուկը համարձակ մոտեցրեց շրթունքներին։

— Իսկ դո՞ւք,— դիմեց այրին Ռոստամյանին, որ նույնպես հրաժարվում էր խմելուց,— լաա՜վ, երիտասարդ մարդ եք, վերցրե՛ք, ամոթ է․․․

— Մի բաժակը մեզ խելքից չի հանիլ,— ասաց ծերունին և, յուր բաժակը զարկելով Ռոստամյանի բաժակին, ավելացրեց․— խմենք ազնիվ ու բարի մարդկանց կենացն, ո՛ր երկրացի որ են նրանք։