ընդարձակ նշանակությամբ։ Կային Թիֆլիսում նրա նախկին ուսումնակիցներից ոմանք, բայց, բացի ուսանողական «դու»-ից, նրանց հետ այլ սերտություն չուներ նա։ Կկամենար նա գեթ Նատալիա Պետրովնայի հետ խոսակցությամբ անցկացնել յուր ձանձրալի երեկոների մի մասը։ Բայց, անհասկանալի բան, Նատալիա Պետրովնան ևս առաջվանը չէր։ Այրին փոխվել էր, ծածկամիտ և սակավախոս էր դարձել, մանավանդ յուր նոր կենողների վերաբերմամբ։
Առավոտ ու երեկո դիմացի լուսամուտներում երևում էր Վարվառեն միևնույն տխուր դեմքով։ Երբեմն նա խաղում էր դաշնամուրի վրա, երբեմն դուրս էր գալիս պատշգամբ, երբեմն գրքեր էր կարդում, իսկ տնից դուրս էր գալիս շատ սակավ, այն ևս հոր ուղեկցությամբ և միայն երեկոները։
Մի բավական տաք երեկո ծերունին, յուր աղջկա հետ թև թևի տված, դուրս եկավ տնից։ Ռոստամյանին մի ներքին ուժ դրդեց հետևել նրանց։ Նա շտապով հագնվեց և դուրս եկավ։ Հայր ու աղջիկ դիմեցին դեպի Գալավինսկի պրոսպեկտ։ Մի քանի քայլ հեռվից Ռոստամյանը հետևում էր նրանց։ Անցորդներն ուշադրությամբ մտիկ էին անում նրանց վրա։ Ծերունու պատկառելի դեմքը, Վարվառեի հպարտ և ինքնավստահ քայլվածքը ամենքի աչքում մի խորհրդավորություն էին տալիս անծանոթ զույգին։ Երիտասարդ զբոսնողներից ոմանք, միմյանց բոթելով, ցույց էին տալիս այդ զույգի վրա։
Երբ հայր ու աղջիկ հետ դարձան, Ռոստամյանն երես առ երես հանդիպեց նրանց, գդակը վերցրեց, մոտեցավ, բարևեց, միացավ և սկսեց զբոսնել նրանց հետ։ Ծերունին ուրախ տրամադրության ներքո էր, աղջիկը նույնպես։ Նրանք գովեցին Թիֆլիսի կլիման, կապույտ երկինքը, պարզ օդը։ Մոտ կես ժամ միասին զբոսնելուց հետո, նրանք վերադարձան տուն։ Օրն արդեն մթնում էր։ Ծերունին հրավիրեց Ռոստամյանին յուր մոտ թեյի, Վարվառեն կրկնեց հրավերը, և Ռոստամյանն առաջին անգամ վստահացավ գնալ նրանց մոտ։
Կանթեղները վառած, պատրաստ էին, սեղանի վրա եռում էր մաքուր, ոսկեփայլ հեշտաեռը։ Վարվառեն սովորաբար ինքն էր