Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/464

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է գրկաբաց, ինչպես արդեն մի նշանված փեսացվի։ Վերջը Վարվառեն ուշադրություն է դարձնում Միզանդրոնցովի վրա։

— Խոմ խեղճ աղջիկը չէր կարող աչքերը կապել, որ յուր շվաքը չտեսնի,— շարունակեց այրին։— Կնիկը, Ստեփան Գրիգորիչ, շուտ է խաբվում, ևս առավել ջահիլ աղջիկը։ Հոր գովասանքն, աղաչանքն ու պաղատանքը — ա՛յ պետք է անպատճառ նրան գնաս, ա՛յ հարուստ ժառանգություն է ստանալու, ա՛յ ջահել է, ուսում առած է, գրանիցումն է եղել, ա՛յ եթե չես գնալ, սիրտս կկոտրես, մինչև գերեզման հետդ չեմ խոսիլ, ձեռք կվերցնեմ, խեղճ եմ, համ հայրդ եմ, համ մայրդ, ինձ լսիր, դես-դեն — վերջը Վարվառեին խելքից հանում է մարդը։ Գիտե՞ք, Ստեփան Գրիգորիչ, որ անձրևն, եթե շարունակ միևնույն տեղը կաթի ու կաթի — վերջը քարին էլ կծակի։ Մի տարի ու կես հայրն աղաչում է ու պաղատում — գնա՛, գնա՛, վերջը խեղճ աղջիկը, գլուխն ազատելու համար, գնում է Միզանդրոնցովին, որին «ոչ սիրում էի, ոչ էլ ատում», ասում է Վարվառեն։

— Հետո՞,— ստիպեց Ռոստամյանն, ավելի ու ավելի համբերությունը կորցնելով։

— Հետո, Ստեփան Գրիգորիչ, չնեղանաք, որ ասեմ թե տղամարդը վատ, շատ վատ արարած է։ Դուք ուզում եք իմանալ, թե Վարվառեն որ ամուսնանում է, հետո ինչո՞ւ է բաժանվում։ Գնացեք այդ բանը հարցրեք մեր ժամանակվա փուչ տղամարդերից, որ պսակված են․․․ Ակիմ Աբրոսիմիչ Միզանդրոնցովը դուրս է գալիս մի աղվես։ Այդ մարդը, ո՛վ կարող էր իմանալ, մտքում դրած է լինում խոնարհ, անմեղ մարդ ձևանալ, քանի որ հորեղբայրը կենդանի է, որ նրա ժառանգությունը ստանա և հետո ինչ որ ուզում է, այն անի։ Այսպես էլ լինում է․ ծերացած Միզանդրոնցովն, յուր եղբոր որդուն պսակելուց վեց ամիս անցած մեռնում է ու կարողությունը թողնում աղվեսին։

Այնուհետև Վարվառեի մարդը դուրս է գալիս յուր կեղծ մորթուց։ Առաջ նա ցերեկներն է սկսում ուշանալ, հետո գիշերները։ Մի գիշեր մինչև լույս տուն չի գալիս։ «Ո՞րտեղ էիր», հարցնում է Վարվառեն։ «Ընկերներիս մոտն էի, ասում է, առևտրական հաշիվներ էինք անում»։ Լա՜վ։ Մի ուրիշ անգամ էլ ուշանում է, ուրիշ