պատճառ է բերում։ Վարվառեն բանի էությունը հասկանում է, տեսնելով, որ մարդն ամեն գիշեր ուշանում է։ Վերջը մի օր Միզանդրոնցովը հանկարծ կնոջը թողնում է ու գնում Պետերբուրգ, երկու շաբաթ ժամանակով, իբրև թե գործերով։ Երկու շաբաթը դառնում է չորս ամիս։ Գալիս է հետ, դարձյալ նույն կյանքն է շարունակում, այս անգամ առավոտներն է տուն վերադառնում, աչքերն անքնությունից ուռած, կարմրած, երեսը դեղնած։
— Հենց որ ինձ տեսնում էր,— շարունակեց այրին Վարվառեի խոսքերով,— գլուխը կրծքին քաշ էր ձգում, համեստ, խոնարհ, սկսում էր ձեռք ու ոտքս համբուրել, երդվում էր յուր հոր ու մոր գերեզմանով, թե ինձ օրեցօր ավելի է սիրում։
Մի օր Վարվառեի ընկերուհիներից մեկը կատակով նրան մի բան է ասում Ակիմ Աբրոսիմիչի մասին։ Վարվառեն ծիծաղում է, բայց սիրտը սկսում է ցավել։ Մյուս օրը մի ուրիշից էլի մի բան է լսում։ Վարվառեն, ամոթից, սկսում է պաշտպանել յուր կեղտոտ ամուսնուն ուրիշների մոտ։ Հետո նա չի ուզում յուր ծանոթների աչքում երևալ, կարծում է, որ ամենքը ծաղրում են նրան իրանց մտքում։ Մյուս կողմից էլ նկատում է, որ Մինաս Կիրիլլիչը օրեցօր պաղում է դեպի փեսան, տեսնվելիս — առաջվա պես սիրով չի ընդունում նրան։ Բանը բոլորովին պարզվում է։ Միզանդրոնցովի փողերը գնում են ջրի պես։ Վարվառեն յուր ցավը հայտնում է հորը։ Հայրն այնպես է ցույց տալիս, թե չի հավատում, բայց ո՜ւր․․․ ամբողջ քաղաքին է հայտնի լինում Միզանդրոնցովի արարքը։ Իսկ Միզանդրոնցովը շարունակում է Վարվառեի մոտ երդվել, որ սիրում է, պաշտում է և այլն․․․
— Ա՜խ Ստեփան Գրիգորիչ,— գոչեց Նատալիա Պետրովնան, գլուխը դառնությամբ շարժելով — քանի-քանի մարդիկ կան հենց մեր Թիֆլիսումն էլ, որ տանը համբուրում են իրանց կանանց ձեռը, իսկ դրսում անառակների ոտը։
Վարվառեն մի օր կանգնում է և յուր մարդու երեսին ասում․ «Ակիմ, կամ արարմունքդ թող, կամ ինձ»։ Մարդը մեղա է գալիս, բայց շարունակում է յուր անառակությունները։ Վարվառեն էլի խնդրում է, չի լինում։ Մի անգամ նա կառքով գնալիս է լինում