Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այսպես ուրեմն, Վարվառեն օրիորդ չէ։ Նրա բախտն արդեն խորտակված է ճակատագրի անողոք հարվածով։ Ահա ինչն է պատճառը նրա անբաժան տխրության, այն մռայլ ստվերի, որ սքողել է նրա մատաղ դեմքը։ Այդ — անհաջող կյանքի դառն արտահայտությունն է, այդ — վշտալի վիճակի սև դրոշմն է։ Արդյոք կարելի՞ է այստեղ մեղադրել ճակատագիրը կամ նախախնամությունը, արդյոք, անիմաստ բառեր չե՞ն սրանք։ Վարվառեն զոհ է դարձյալ եսամոլ հոր քմահաճության, ուրիշ ոչինչ։ Անսիրտ ծնողն յուր հայրական սերն աղջկան վաճառել է նրա բախտի արժեքով։ Նա ի չարն է գործ դրել որդիական սերը, հարգանքն և անձնուրացությունը։ Դուստրն յուր անմեղ սիրտը զոհել է բռնակալ հոր ինքնասիրությանը, և սա ընդունել է մի այդպիսի ծանր զոհաբերություն։ Մի ծերունու քիմքը գոհացնելու համար, ջարդ ու փշուր է եղել մի ծաղիկ կյանք։ Համեստությունն ու գեղեցկությունը հանձնվել են ժամանակակից անարգանքի իշխանության։ Աղավնին րնկել է ագռավի գիրկը, որ նեխված լեշով է հագեցնում յուր անխտրական կոկորդը։ Առաքինությունն ապականվել է գարշելի մեղսագործությամբ։

«Եվ ո՞վ է մեղավորը»։

— Միակ զավակի սիրող հայրը։

«Անարգվածն ումի՞ց պիտի պահանջի յուր վրեժը»։

— Հորից և միմիայն յուր հարազատ ծնողից։

Բայց նա դեռ սիրում է այդ բռնակալին, դեռ կարողանում է ներել նրա այդ ծանր հանցանքը։ Առաքինությո՞ւն է այդ արդյոք, թե՞ կնոջ դարավոր ստրկության արգասիք։— Ստրկություն, որ կրավորական արարածի մեջ ոչնչացրել է ամեն մի ինքնակամություն։

Զարհուրելի է մարդկային հակասությունը։— Այդ բռնակալը դեռ համարձակվում է ուրիշներին դատապարտել, դեռ հավակնություն ունի առաքինի և բարոյական մարդ ձևանալ։ Նա դեռ բողոքում է մարդկության դեմ, մրոտում է մի ամբողջ ժողովրդի անունը, թե սա խլում է նրա հանգստությունը, թունավորում է նրա գոյությունը։ Կե՜ղծ ազատամտություն։ Սո՛ւտ են նրա հայրական զգացմունքները, ծնողի սերը մի մաքուր դիմակ է այլանդակ բարբարոսությունը սքողելու համար։