Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներում են, մի՞թե Միզանդրոնցովը մարդասպանից էլ ստոր է, դու չե՞ս հավատում, ահա կարդա և կհավատաս։

Մինաս Կիրելլիչր բաց արավ սյուրտուկի վերին կոճակը, ծոցից հանեց մեկ պատռած ծրար, դուրս բերեց մի նամակ և դրեց Վարվառեի առջև։

— Կարդա՛, կարդա՛, սիրելի Վարիա։ Այս առաջին նամակը չէ, ոչ էլ վերջինը կլինի։ Այժմ ինքը Մոսկվայումն է։

Վարվառեն չկարդաց նամակը, չվերցրեց սեղանի վրայից և անգամ չնայեց նրա վրա։ Աջ ձեռի արմունկը հենած սեղանի ծայրին, ծնոտը դրած ափի մեջ, նա մտիկ էր անում լուսամուտից դեպի գավիթ։ Մինաս Կիրիլլիչն ակնածությամբ նայում էր նրա թախծալի կիսադեմքին, սպասելով, թե նա ե՛րբ ուշադրություն կդարձնի նամակի վրա։ Սակայն Վարվառեն անշարժ էր և լուռ։

— Ես չար լեզուների բամբասանքից եմ վախենում,— շարունակեց Մինաս Կիրիլլիչը, դարձյալ ցածրացնելով ձայնը։— Կարծում էի, որ Թիֆլիսում մեզ խաղաղ կթողնեն։ Բայց ի՜նչ․․․ այստեղ էլ լսել են, այստեղ էլ խոսում են։ Երեկ իմ ծանոթներից մեկին հանդիպեցի, մարդը հարցնում է, թե ի՛նչ եմ անում քեզ հետ այստեղ․ ես չկարողացա մի բան պատասխանել։ Բայց երևում էր, որ նա առանց իմ ասելու էլ, լսել է ամեն բան։ Հավատացիր, սիրելի Վարիա, ես քեզանից տասնապատիկ ավելի եմ տանջվում։ Ինչո՞ւ։— Որովհետև․․․ Է՛հ, թողնենք։ Աստուծո կամքն էր, անցյալը վերադարձնել չի կարելի։ Հիմա մնում է, որ վերջապես, թշնամիների, բարեկամների, ազգականների և ծանոթների բերանը կապես, պետք է հաշտվես, Վարիա, պետք է հաշտվես և այսուհետև նրա կապը քո ձեռքում պահես․․․

— Կապը ձեռքումս պահե՜մ,— պատասխանեց Վարվառեն, դառնությամբ ժպտալով։

— Այո, կարող ես, ես երաշխավորում եմ, որ կարող ես։

— Ախ, պա՛պա, պա՛պա։

— Ի՞նչ, միթե ինձ չե՞ս հավատում, Վարիա։

— Ես շատ հավատալուց հոգնեցի, պապա, և ինձ համար շատ ցավալի է, որ դուք եք այժմ հավատում նրա խոսքերին։ Ի՞նչ հարկավոր է, որ ես նրա նամակը կարդամ․ առանց այն էլ, ես գիտեմ