գլուխների բազմության միջից, նա չէր տեսնում ո՛չ աղջկան և ո՛չ հորը։
Նվագահանդիսի առաջին բաժինն ավարտվեց, հանդիսականներն անցան մյուս դահլիճները։ Նախագավիթի մեջ Ռոստամյանը պատահեց Քիրիշչիևներին։
Մինաս Կիրիլիչը հետաքրքիր աչքերով դիտում էր հասարակությունը։ Վարվառեն կանգնած էր նրա մոտ։ Ռոստամյանը մոտեցավ, բարևեց և սկսեց խուռն բազմության մեջ շրջել նրանց հետ։ Նրանք անցան սեղանատուն, և այստեղ ծերունին անհայտացավ։
Առանձնանալով Վարվառեի հետ, Ռոստամյանին տիրեց սովորական ամոթխածությունը։ Քանի մի հասարակ հարցերից հետո նվագողների և երգողների մասին, նա վհատվեց և լռեց։ Արդյոք, անծանոթ լինե՞լն էր պատճառը, ընտանեկան գաղտնի՞քը, թե՞ մի այլ բան, հայտնի չէր, բայց ամենքի ուշադրությունը գրավել էր Վարվառեն։ Եվ այս ավելի պղտորում էր Ռոստամյանին։ Աջ ու ձախ նայելով, նա ամաչում էր այն հետաքրքիր աչքերից, որ, չար ոսոխի պես, դիտում էին չորս կողմից։
— Վի՞ն արիս։
— Կտո՞ տակայա։
— Ո՞վ է։
— Վատ չէ։
— Ընդհակառակը, համակրելի է։
— Ես հավանում եմ։
— Դատարկ բան է։
Ահա թե անդադար ինչ էր լսում Ռոստամյանը։ Հասարակության մեջ երևեցավ Նատալիա Պետրովնայի աղջիկը — Կատոն։ Ռոստամյանը բարևեց նրան հեռվից, և մոռանալով գլխաբաց լինելը, ձեռը տարավ դեպի վեր՝ իբր գդակը վերցնելու և ավելի շփոթվեց։ Կատոն հազիվ-հազ յուր փոքրիկ և գոռոզ գլուխը շարժեց ի պատասխան Ռոստամյանի խոնարհ և Վարվառեի քաղաքավարի ու հպարտ բարևին։
Քանի մի հեռավոր ծանոթ երիտասարդներ, որոնց ուրիշ ժամանակ Ռոստամյանն հանդիպելիս կամ բարևում էր կամ — ոչ, աշխատում էին նրա ուշադրությունն իրանց վրա դարձնել։ Նրանք