Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ինձ պե՞ս, Վարվառա Մինայեվնա․․․ միթե ես երբևիցե ասե՞լ եմ, թե ատում եմ հասարակությունը։

— Գոնե շատ էլ չեք սիրում։ Բայց ինչ փույթ, քանի որ առանց հասարակության ևս կարողանում եք ավելի օգտավետ կյանք վարել։

Ռոստամյանը ժպտաց և, գլուխը մի փոքր ինչ ցած թեքելով արտասանեց։

— Ես չեմ հանդգնիլ այդ ասել, Վարվառա Մինայեվնա։ Միայն ուղիղն այն է, որ հասարակությունն ինձ ճնշում է․ ես անսովոր եմ նրան, ես ինքս ինձ կորցնում եմ ամբոխի մեջ։ Հավատացնում են, որ այս — եսական և կիսավայրենի մարդկանց հատկությունն է։ Գուցե ճիշտ է․․․

Զանգակը հնչեց, հանդիսականները ծանր քայլերով գնացին դահլիճ, սեղանատունը փոքր առ փոքր դատարկվեց։ Վարվառեն և Ռոստամյանը հապաղում էին գնալ։ Երկուսն էլ գանկանում էին միասին մնալ և շարունակել խոսակցությունը։ Ռոստամյանը նոր էր միայն համարձակություն ստացել մտերմաբար խոսելու, նա միայն նոր էր մտադիր ակնարկություն անելու Վարվառեի դրության մասին։ Եվ նա անպատճառ կամենում էր, որ Վարվառեն այսօր իմանա, թե յուր գաղտնիքը հայտնի է նրան։ Ո՛րպիսի սիրով նա մտածում էր խրախուսել նրան, ուժ ներշնչել, պաշտպանել հասարակական նախապաշարմունքների դեմ, արդարացնել նրա համարձակ քայլը։

Բայց ահա՛ ծերունին, ահա՛ նրա բարի և պատկառելի դեմքը։ Զարմանալի՜ փոփոխություն․ երբ Ռոստամյանը երես առ երես հանդիպում էր Մինաս Կիրիլլիչին, մոռանում էր վերջինի հայրական բռնակալությունը, որ այն գիշեր այնչափ վրդովեցնում էր իրան։ Միթե այս պատկառելի, բարեդեմ մարդը կարո՞ղ է բռնակալ հայր լինել։ Կարո՞ղ է, արդյոք, քանի որ նրա հարաբերության մեջ դեպի յուր դուստրը զգացվում է այնքան խորին սեր ու գգվանք։ Ո՛չ, չպիտի շտապել մեղադրելու այդ ծերունուն, առանց տեղյակ լինելու եղելության մանրամասն հանգամանքներին։

Ռոստամյանն, որ բոլորից ուշ մտավ դահլիճ, հասարակության