Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բարև,— ասաց Կատոն, մի խորամանկ ժպիտ խաղացնելով յուր բարակ և հրող շրթունքների վրա,— այս ո՞ր քամին է ձեզ այսօր այստեղ բերել։

— Իմ սեփական ցանկությունը,— ասաց Ռոստամյանը բավական սառն եղանակով։

— Բայց ո՞րտեղ էր մինչև այժմ ձեր այդ սեփական ցանկությունը, պարոն Ռոստամյան,— շարունակեց Կատոն հեգնորեն,— ո՞րտեղ էր, որ դուք ամբողջ բարեկենդանին տնից դուրս չէիք գալիս։ Հիմա, խոմ, մեծ պաս է, ճգնավորների համար ապաշխարելու օրեր են։

— Ես կարծում եմ, տիկին, իմ բացակայությունն այնքան աննշան մի հանգամանք է, որ ոչ ոքի համար նկատելի չէ, ուրեմն և՛ իմ ներկայությունն էլ չի կարող հետաքրքրելի լինել,— պատասխանեց Ռոստամյանը, ներքուստ վիրավորված խորամանկ Կատոյի արհամարհական ակնարկությունից։

— Բայց տեսնո՞ւմ եք, ինձ համար խիստ հետաքրքրելի է ձեր ներկայությունն այստեղ։ Ո՞րտեղ է ձեր «դամա»-ն։

— Ո՞ւմ մասին եք հարցնում, տիկին։

— Իբր թե չեք հասկանում․․․ ձեր հարևանի մասին եմ հարցնում․․․ ա՛խ, ինչպես է նրա ազգանո՞ւնը․․․ Սպասեցե՛ք, սպասեցե՛ք, ես շատերի անունները չեմ կարողանում հիշել, և հարկավոր էլ չէ, բայց ազգանունը, ա՛խ, մադամ․․․ մադամ, ի՞նչպես է, տեր աստված, նրա մարդու ազգանունը, հա մադամ Միզանդրոնցով․․․ Ահա, նա ինքն յուր հոր հետ։ Գնանք նրանց մոտ․ ինչպես երևում է, նրանք, առանց Ստեփան Գրիգորիչի, տխրում են։

Բայց Ռոստամյանը չմոտեցավ Վարվառեին։ Կատոն, թողնելով նրան, գնաց վերջինի մոտ, հետևից քաշելով և յուր կավալերին։ Դա այն նորաձև հագնված երիտասարդն էր, որ Կատոյի ամուսնու հետ առաջին խաղամիջոցում անցավ և Վարվառեի վրա խեթ խեթ նայեց։

Կատոն բարևելով Մինաս Կիրիլլիչին ու «մադամ Միզանդրոնցովին», հարցրեց, արդյոք, չեն տխրում «մեծպասյան» երեկույթում։ Նորաձև հագնված պարոնը սկսեց միջամտել խոսակցությանը, աշխատելով Վարվառեի ուշադրությունը յուր վրա դարձնել,