— Այո՛,— պատասխանեց վերջինը։
Վարվառեի գնալուց հետո, Ռոստամյանին թվաց, թե բոլոր հանդիսականները գնացին, դահլիճը դատարկվեց։ Նա խորին հաճությամբ կուղեկցեր Վարվառեին, բայց Մինաս Կիրիլլիչի հարցը` «իսկ դուք մնո՞ւմ եք», նրան շփոթեցրեց։ Ռոստամյանը կարծում էր, որ ծերունուն հաճելի չի լինիլ, եթե նա ուղեկցի նրանց։ Նա մտավ սեղանատուն, որ տակավին լիքն էր ընթրողների բազմությամբ, նստեց միայնակ մի սեղանի մոտ և ընթրիք պահանջեց, չնայելով, որ ուտելու ախորժակ չէր զգում։
Տուն վերադառնալիս երիտասարդը փողոցից նկատեց, որ Վարվառեի սենյակի պատուհանից ճրագի լույս էր երևում։ Նա զգաց, որ տիկինը դեռևս արթուն է։
Արդարև Վարվառեն արթուն էր։ Մի թեթև ընթրիքից հետո, նա անմիջապես անցավ յուր սենյակը։
Թույլ լույսով սեղանի վրա վառվում էր մանիշակագույն լուսամփոփով ծածկված կանթեղը։ Նա լուսամփոփը վերցրեց, կանթեղի լույսն ավելացրեց և սկսեց հագուստը փոխել։
Քանի մի րոպե անցած, նա տնային թեթև զգեստով նստած էր անկողնակալի ծայրին, կանթեղի առջև։ Նրա քունը չէր տանում և ոչ էլ կարդալու ցանկություն ուներ։ Կամենում էր առանձնանալ յուր սենյակում, և ահա միայնակ էր։ Դռները փակ էին, իսկ պատուհանները բաց։
Մինաս Կիրիլլիչը նույնպես առանձնացել էր յուր սենյակում։ Վարվառեն դրսից ո՛չ մի ձայն, ո՛չ մի շունչ չէր լսում․ նրա սենյակի լռությանն ընդհատվում էր միայն սեղանի ծայրում դրած փոքրիկ ոսկե ժամացույցի չխկչխկոցով։ Նա նայեց ժամացույցին — ուղիղ մեկ ժամն էր։ Սկսեց շրջել հետ ու առաջ։ Մերթ ընդ մերթ կանգ էր առնում սենյակի մեջտեղում, երբեմն հանկարծակի ցնցումներ էր գործում, և այդ վայրկյաններին նրա մերկ պարանոցի և կիսամերկ թիկունքի վրա հանգչող արձակ, ոսկեփայլ մազերը սփռվում էին դեպի կուրծքը։ Նրա այտերի վրա վառվում էր մի անսովոր կարմրություն, շրթունքները հազիվ նշմարելի կերպով դողում էին, աչքերի մեջ փայլում էր ներքին հուրը։ Արդարև, այդ կատարյալ հուր էր, որ բորբոքում էր նրա արյունը, որ սաստկացնում