Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էր նրա շնչառությունը, որ հաճախեցնում էր երակների զարկը և ուժգին բաբախել էր տալիս նրա կուրծքը։

Միամի՜տ ինքնախաբեություն։ Դեռ մի քանի օր առաջ նա կարծում էր, թե այդ մի անցողական զգացմունք է։ Իսկ ա՞յժմ․․․ Այժմ այլևս ուշ էր թվում նրան, այլևս նրա ուժերը տկար էին զսպելու այն, ինչ որ այնպես օրըստօրե զարգանում էր նրա մեջ զարմանալի արագությամբ։

Շո՞ւտ, միթե նա նո՞ր է ճանաչում Ստեփաննոսին, միթե նրա երևակայությունը վաղուց չէ՞ր ստեղծել վերջինին։ Միթե Վարվառեն չէ՞ր, որ տարիների ընթացքում հոգով որոնում էր մի այդպիսի հեզ պատկեր, առողջ հոգի և աշխարհի զեխություններից և անառակություններից զերծ, անապական սիրտ։ «Ահա նա», անգիտակցաբար ասաց Վարվառեն ինքն իրան այն օրը, երբ «նա» բնակարանը ցույց էր տալիս։ Եվ, արդարև, դա «նա» էր։ Բայց ո՞ւր էր նա մինչև այժմ, ինչո՞ւ ճակատագիրն երևան հանեց նրան այն ժամանակ, երբ արդեն ուշ է, երբ Վարվառեն արդեն կապված-կաշկանդված է ոտքով ու ձեռքով։ Արդյոք նախախնամությունը կամենում է նրան փորձե՞լ։ Ինչո՞ւ, միթե նրա դժբախտության չափը դեռ չի՞ լրացել։ Միթե բավական չէ՞ և՛ ծերունի հոր տվայտանքը Վարվառեի պատճառով, որ նրա միակ մխիթարությունն է։

— Հա՜ր, զգո՞ւմ ես, արդյոք, թե ի՞նչ հանցավոր մի զգացմունք է տանջում քո աղջկան այս րոպե,— դառնագին շշնջում էր բորբոքված երիտասարդ կինը։

Այո, հենց նույն րոպեին, երբ միամիտ ծերունին յուր սենյակում գուցե երազում է, որ դուստրը կրկին պիտի հաշտվի յուր նախկին դրության հետ։

— Ի՞նչ․․․ ե՞ս հաշտվեմ Միզանդրոնցովի հետ,— դարձյալ շշնջաց Վարվառեն,— երբեք, երբեք․․․

Չէ՞ որ Վարվառեն ամեն կերպ աշխատում էր ուղղել նրան, որ անուղղելի է, որ ապականված է մինչև ոսկորների ծուծը։ Սակայն ինչո՞վ վերջացավ նրա համբերությունը, ի՞նչ հետևանք ունեցավ նրա ամուսնական մոլի հավատարմությունը։— Ունեցավ ավելի վատթար հետևանք, քան գուցե— եթե Վարվառեն հետևեր