այն բազմաթիվ կանանց օրինակին, որոնք իրանց մարդկանց նմանօրինակ ամուսնական անարգությունն անարգությամբ են պատժում։ Բայց չէ՞ որ նրանք ճարպիկ են, գիտեն իրանց խղճի առջև պայմաններ դնել, իսկ Վարվառե՞ն․․․ Կարո՞ղ էր մտածել անգամ այս տեսակ վրիժառության մասին, քանի որ նրա անապական զգացմունքները բնավ չէին կարող նույնը թելադրել, ինչ որ թելադրում է շատերի խիղճը։ Նա ավելի դյուրին և ավելի բարվոք համարեց ազատություն տալ ամուսնուն, թողնել նրան յուր սեփական կամքին։ Այժմ տերը նրա հետ, Վարվառեն այլևս ոչինչ չունի նրա դեմ, թող ապրի, ինչպես կամենում է։ Այժմ Միզանդրոնցովը կարող է ազատ համարել իրան մինչև անգամ Վարվառեի ատելությունից։ Արդեն ամեն մի կապ խախտված է «հավիտյան» նրանց մեջ։
Վարվառեն նստեց անկողնակալի վրա, կրկին վեր կացավ և կրկին սկսեց անցուդարձ անել, ձեռներն երբեմն շփելով և երբեմն կրծքին դարսելով։
Նա գիտեր, որ Ռոստամյանն իրան օրիորդ էր համարում, ուստի դիտմամբ էր, որ նա յուր դրությունը պատմեց Նատալիա Պետրովնային, համոզված լինելով, որ վերջինն իսկույն յուր լսածը կպատմի Ռոստամյանին։ Այսպիսով, նա մտածում էր նախազգուշացնել մոլորված երիտասարդին, որ սա այլևս դադարի իրան հետամուտ լինելուց։
Այժմ Ռոստամյանին հայտնի է նրա դրությունը․ Վարվառեն մինչև անգամ այս երեկո առաջին ակնարկությունն արավ նրան, թե ինքը ամուսնացած է և ամուսնուց բաժանված։
— Տեր աստված, տեր աստված, միթե նա չի՞ զզվում ինձանից, իմ այս դրությունից․․․ Բայց․․․ ո՛չ, այս երեկո նրա աչքերի մեջ ավելի ջերմ սեր էի կարդում, քան մինչև այսօր։
Սակայն, սպասի՛ր երևակայություն, ճի՞շտ է, որ Ռոստամյանը սիրում է Վարվառեին, մի գուցե նրա սիրտը խաբում է, կամ մի գուցե Ռոստամյանը միայն խղճում է նրան։ «Խղճա՜լ, ի՞նձ, ինչո՞ւ,— գոչեց Վարվառեն բավական բարձրաձայն։— Ո՛չ, ամենևին, ես խղճալի չեմ․ չե՜մ ուզում ես նրա կարեկցությունը, և ոչ ոքի կարեկցությունն, և ոչ քոնը, պապա՛»,— ավելացրեց նա․․․