Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/497

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մեկ էլ, երկու էլ ու տասն էլ ավելի կտամ, Կատո ջան,— ասաց Լազար Մակարիչը, ներքուստ դժգոհ, արտաքուստ ուրախ ժպտալով։— Փողն ո՞ւմ համար եմ աշխատում, որ քեզ համար էլ խնայեմ։ Դու ա՛յն ասա, Կատո ջան, որ ես մոռացել եմ Բաթումից քեզ համար լավ-լավ բաներ բերել։

— Դու միշտ մոռանում ես,— հեգնորեն նկատեց Կատոն։

— Էէ՜, ի՞նչ նորություն եք բերել կոնցերտից,— հարցրեց այրին հետաքրքրությամբ։

— Հա, մոռացա․ նորություն և ի՜նչ նորություն, մամա,— գոչեց Կատոն, գլուխը խորհրդավոր կերպով շարժելով։— Նստի՛ր, պատմեմ։

Այրին և Լազար Մակարիչը, որ մինչև այժմ կանգնած էին, տեղավորվեցին բազկաթոռների վրա — Մակարիչն յուր կողակցի մոտ, այրին դեմ ու դեմ։

— Առաջ-առաջ դու ինձ ասա, մամա, քո այդ կենողիդ, քո այդ գոված կինտոյիդ անունն ինչ է՞։

— Ստեփան Գրիգորիչ․․․ խոմ հարյուր անգամ հարցրել ես, Կատո։

— Ես քեզ ասել եմ, մամա, որ այդ տեսակ կռոների անունները մտքումս չեմ պահում։ Շատ հարկավո՞ր է։ Էէ՜, ի՞նչպես է այդ քո խելոք Ստեփան Գրիգորիչը, լա՞վ է, ուրա՞խ է։

— Ի՞նչպես։

— Հը՜մ․․․— արտասանեց Կատոն, խորհրդավոր հայացքով նայելով մոր երեսին,— բաս քեֆը լավ է է՞լի։

— Էէ՜, ասա, ինչ որ ասելու ես, ի՞նչ ես պատեպատ գցում ինձ,— գոչեց այրին անհամբերությամբ։

— Ասեմ, քո այդ գոված կռոն սիրահարվել է։

— Ո՞վ, Ստեփան Գրիգորի՞չն, ո՞ւմ վրա,— գոչեց այրին զարմացած։

— Ո՞ւմ վրա․․․ այ, այն մարդուց փախածի, ի՞նչ է նրա անունը, տեր աստված․․․ հա, մադամ Միզանդրոնցովի վրա։

Այրին մի խոշոր հարցական հայացք ձգեց աղջկա երեսին։

— Զարմանո՞ւմ ես, մամա, աչքովս եմ տեսել ու ականջովս լսել։ Այսուհետև է՛լ չասես, թե Կատոյի լեզուն չար է։ Լսի՛ր։ Երեկ