Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջ նա ամենախելոքն և ամենաճարպիկն էր առուտուրի մեջ և իբր թե նրա շնորհիվ էր դիզվել նրանց հարստությունը։

Իսկ ամենից կրտսերն էր աղա Մակարը։ Ծառան ինձ պատմեց, թե աղա Մակարը մի ինչ-որ հարսանիքում տեսել է մի խիստ գեղեցիկ օրիորդ և շատ հավանել։ Այն օրվանից նա աշխատում է այդ օրիորդի հետ նշանվել։ Օրիորդի ծնողները թեև շատ աղքատ են, բայց Մակար աղան հավանել է նրան այնչափ, որ այդ պակասությունը նրա աչքին բոլորովին չի երևում։ Սակայն, չնայելով յուր դիրքին, աղա Մակարը չի կարողանում նպատակին հասնել, որովհետև օրիորդը, սիրահարված լինելով քաղաքում մի տղայի վրա, չի ուզում ուրիշ մարդու հետ պսակվել։ Ծնողներն առաջին անգամ հափշտակվելով աղա Մակարի առաջարկութենով, շատ են աշխատում համոզել աղջկան, բայց չեն հաջողում։ Ամեն անգամ, երբ օրիորդի մոտ Մակար աղայի մասին խոսում են, նա երեսը ծածկում է ու լաց լինում, ասելով, թե շուտով կցանկանա մեռնել, քան թե թողնելով յուր սիրած տղային, պսակվել Մակար աղայի հետ։ Հայրը հայհոյում է, ծեծում է, քաղցած է պահում օրերով խեղճ աղջկան, բայց ոչինչ չի օգնում, նա համառում է յուր ասածի վրա և մինչև անգամ մի օր փորձ է արել իրեն թունավորելու։ Այդ օրից մայրը, տեսնելով, որ հնար չկա աղջկան համոզելու, անցել է նրա կողմ, և խնայելով յուր միակ զավակին, նույնպես չի համաձայնվում տալ նրան աղա Մակարին։ Այս հանգամանքն, իբրև արտաքո կարգի երեվույթ, Շ... քաղաքի մեջ մեծ աղմուկ է բարձրացրել և շատերն սկսել են ծիծաղել աղա Մակարի վրա, որ նա, յուր հարստությամբ լինելով քաղաքի առաջին մարդկանցից մեկը, չի կարողանում մի աղքատ ընտանիքից մի աղջիկ ուզել։ Մակար աղան յուր անսահման ինքնասիրությունը վիրավորված զգալով, երդվել է անպատճառ պսակվել այդ աղջկա հետ, որ այդպիսով դադարի քաղաքի մեջ ծիծաղի առարկա լինելուց։ Սա նպատակին հասնելու համար գործ է դնում ամեն տեսակի ներելի և աններելի միջոցներ։ Մեծ դեր է կատարում այդ գործում տեր-Վահակը, որի ձեռքից շատ էին անցել մեր քաղաքում այդպիսի գործեր։ Տեր-Վահակն ամեն մի անհնարին բան յուր խորամանկութենով հնարավոր է դարձնում, չնայելով,