Էջ:Shirvanzade I hator.djvu/505

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Այստեղ հանկարծ այրիի խելքը սկսեց այլ ուղղությամբ դատել։ Լա՛վ, ասենք, թե Ռոսսյամյանի և Վարվառեի սրտերն այժմ իսկապես այնպես կպել են միմյանց, որ բաժանվել դժվար է․ ի՞նչ կլինի նրանց վերջը, պետք է տանջվե՞ն հավիտյան, թե կարող են մոռանալ իրար։

Այս կետի վրա այրին երկար մտածեց, մտածեց և վերջը, ձեռով օդի մեջ մի հուսահատական շարժում գործելով, լսելի ձայնով արտասանեց․

— Խիստ դժվար օրենքներ են մեր օրենքները։

Ի՞նչ անի խեղճ Վարվառեն, վերցրել են, ուժով պսակել են մի անպիտանի, մի փչացած մարդու հետ ու ասում են, «տանջվի՛ր նրա ձեռքում, ուզում ես, չես ուզում — տանջվի՛ր»։ Քանի-քանի խեղճ կանայք է ճանաչում Նատալիա Պետրովնան, որ այնպես տանջվում են իրանց մարդկանց ձեռքում, ինչպես Վարվառեն է տանջվել։ Բայց արի ու նրանց ցավը հասկացրու ուրիշներին։ Հիմա Վարվառեն թողել է մարդուն ու հեռացել, ի՞նչ պիտի անի․․ էլի եթե պառավ լիներ, է՛հ, ոչինչ, սև օրերը մի կերպ կտաներ յուր հոր տանը։ Բայց նա քսան ու վեց տարեկան ջահել կնիկ է․․․ պիտի հավիտյան զրկվա՞ծ մնա աշխարհի երջանկությունից։

— Խիստ դժվար են մեր օրենքները,— կրկնեց Նատալիա Պետրովնան և, հառաչելով, վեր կացավ տեղից ու գնաց Վարվառեի մոտ։

VIII

Չարչարանքի շաբաթն էր։ Քաղաքի ամբողջ բնակչությունը զբաղված էր քրիստոնեական նշանավոր տոների նախապատրաստությամբ։

Մինաս Կիրիլլիչը երկուշաբթի օրից սկսած, ամեն առավոտ թեյ խմելու ժամանակ, հարցնում էր․

— Վարվառե, ամենքը պատրաստվում են՝ ուրախ զատիկ վայելելու, մենք չպի՞տի ուրախանանք։

Բայց տոների մերձավորությունը, կարծես, բնավ չէր շարժում Վարվառեի սիրտը։ Նա միշտ յուր հոր հարցին տալիս էր միևնույն պատասխանը․