Էջ:Shirvanzade I hator.djvu/506

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Պապա, ինձ համար ոչինչ պատրաստություն հարկավոր չէ, ինչ կամենում եք, արեք։

— Իսկ ես ուզում եմ, որ դու էլ, ամենքի պես, ուրախանաս այդ օրերը։

Դուստրը, պարզ հասկանալով հոր խոսքերի ներքին իմաստը, մի խորին հառաչանք էր արձակում կրծքից ու լռում։

Այնինչ՝ Մինաս Կիրիլլիչը, ընդհանուր հոսանքից մղվելով, ցանկանում էր զատիկը դիմավորել ուրախ սրտով։ Նա ամեն օր դուրս էր գալիս և տեսնում էր, որ ամենքը շարժման մեջ են։ Փողոցներում տիրում էր անսովոր կենդանություն, շուկաներում խռնվում էր գնողների և վաճառողների ահագին բազմություն։ Եվ ի՞նչպես նա ջերմ սրտով չցանկանար խառնվել ամբոխին, մասնակցել ընդհանուրի ուրախությանը, քրիստոնեական տոնը հանդիպել իբրև քրիստոնյա, այնպես, որպես մի ժամանակ նա հանդիպում էր Մոզդոկում և Մոսկվայում։

Բայց ի՞նչպես տոնել և ո՞ւմ հետ, քանի որ նրա տան միակ կենդանությունը, նրա կյանքի միակ մխիթարությունն անտարբեր է դեպի ընդհանուրի ուրախությունն ու տրտմությունը։

Ամեն կողմից Մինաս Կիրիլլիչը դժբախտ էր զգում իրան այն օրից, երբ Վարվառեն բաժանվել էր ամուսնուց, բայց երբեք այդ դժբախտության լուծն այնքան ծանրացած չէր նրա վրա։ Մարդկանց ուրախությունն ավելի դառնացնում էր նրա սիրտը։ Բոլոր քրիստոնյաների մեջ նա զգում էր, որ միայն ինքն և Վարվառեն կազմում են բացառիկ ու անջատված մի մարմին և ոչինչ կապ չունին հասարակական ամբողջության հետ։

Հոգեկան այս տրամադրության մեջ նա մի տարօրինակ մխիթարություն էր զգում, երբ դրսում տեսնում էր զանազան թշվառ և մուրացիկ արարածներ։ Իսկ այդպիսիների թիվը, տոների պատճառով, փողոցներում օրեցօր ավելանում էր, մանավանդ Գալավինսկի պրոսպեկտի վրա, ուր ամեն օր զբոսնում էր ծերունին։

Եվ ի՜նչ տեսակ խեղճեր, խեղանդամներ էին սփռված այդտեղ։ Ահա՛ մեկը, զուրկ երկու թևերից, փայտի պես ցցվում է սրա ու նրա առջև։ Ահա՛ մյուսը, առանց ոտների։ — Խեղճության զարմանալի հնարագիտությո՜ւն։ Անդամալույծ արարածը, երկուսի