Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ յուր բռնած գործերի համար տարենն երկու անգամ տեղային առաջնորդը նրան փիլոնից զրկում է։ Սակայն այս անգամ նա երկյուղ չունի և գործում է շատ համարձակ։

Ես այս բոլոր մանրամասնություններին, իմ չափաղանց հետաքրքիր բնավորության շնորհիվ տեղեկացա նույնիսկ հենց առաջին գիշերը Գալուստ անունով ծառայից, որը, չգիտեմ ինչ էր տեսել ինձանում, հենց առաջին օրից սկսեց խիստ հավատարմությամբ վերաբերվել դեպի ինձ։ Օգտվելով այդ հավատարմութենից, հետաքրքրությանս բավականություն տալու համար, ես փորձեցի հարց ու փորձ անել շուկայում և հետո եկեղեցում մեզ պատահած ծերունու մասին։ Բայց հենց իմ առաջին հարցը ծառային զարմացրեց։ Նա ինձ վրա ձգեց մի կասկածավոր հայացք։ Իսկույն հասկացա, թե այստեղ անշուշտ մի նշանավոր գաղտնիք կա, որ շատախոս Գալուստն անգամ լռություն է ուզում պահել։ Ես առայժմ բարվոք համարեցի լռել...

IV

Առավոտը դեռ ամենքը քնած էին, երբ ես զարթեցի, որ պատրաստվեմ մագազին գնալու։ Գլխավոր գործակատար Գրիգորը սովորականին համեմատ, եկել էր մագազինի բանալիներն աղա Մակարից վերցնելու։ Ինչպես գործնական մարդ, աղա Մակարը շատ վաղ էր զարթնում առավոտները։ Նա բանալիները տվեց Գրիգորին, իսկ ինձ հրամայեց թեյ խմել և սպասել յուր հրամանին։

Որովհետև աղա Գուլամյանցների ընտանիքը, բացի մի քանի արտաքին աննշան փոփոխություններից, դեռ ապրում էր հին, ասիական եղանակով, այս պատճառով կանայք միշտ քաշվում էին տղամարդկանցից։ Պատճառը Մակար աղան էր, որ այս կողմից շատ խիստ էր վարվում և հրամայել էր կանանց օտար տղամարդկանց չերևալ։ Նույնիսկ իրանից, աղա Մակարից քաշվում էին կանայք։ Ծառան պատմում էր, որ մինչև այն օրը աղա Մակարը մի անգամ կարգին չի տեսել յուր եղբոր — աղա Ստեփանի —