Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/511

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ անեմ, տեր աստված, ի՛նչ անեմ,— շշնջում էին նրա շրթունքներն անդադար, և նա երկու ձեռներով մերթ սեղմում էր ճակատը, մերթ ծածկում էր երեսը։

Արդեն նվագահանդեսի երեկոյից հետո, անթիվ անգամ նա այս հարցը կրկնել էր ինքն իրան։ Մթնում էին նրա մտքերը, շփոթվում էին զգացմունքները, պղտորվում էր սովորական առողջ և խելացի դատողությունն, երբ նրա առջև պատկերանում էր Ռոստամյանը։ Իսկ Ռոստամյանը պատկերանում էր նրա աչքերի առջև առավոտ երեկո, ամեն ժամ, ամեն րոպե, ավելի — քայլ առ քայլ հետևում էր նրան, ցերեկը խլում էր նրա հանգստությունը, գիշերը բորբոքում էր արյունր։ Քնից առաջ Վարվառեն ամբողջ ժամերով շրջում էր յուր սենյակում մի հասարակ ներքնազգեստով։ Ստեպ-ստեպ նա մոտենում էր, բաց էր անում դեպի գավիթ նայող լուսամուտի փեղկերը։ Դիմացի լուսամուտի ապակիների վրա րոպե առ րոպե նկարվում էր Ռոստամյանի ստվերը, մերթ երևում էր նա ինքը շեմքի վրա, մերթ դրսում, արմունկները հենած պատշգամբի ճաղերին։

Այժմ Վարվառեի համար պարզ էր, թե ինչու նա այդպես հաճախ դուրս է գալիս պատշգամբ։ Նատալիա Պետրովնան գրեթե ամեն օր այցելում էր յուր կենողներին։ Վարվառեն տակավին զգուշությամբ էր վարվում տանտիրուհու հետ․ նա չէր խոսում Ռոստամյանի մասին։ Տանտիրուհին ինքը պատմում էր այն ամենն, ինչ որ անում էր Ռոստամյանը։ Նա բոլորովին փոխվել է, չի պարապում, չի նստում տանը, կարգին չի ճաշում, դուրս է գալիս ու ներս մտնում, դեղնած, ապշած, ոչ ոքի հետ չի ուզում խոսել։

— Վախենում եմ, որ գժվի,— կրկնում էր Նատալիա Պետրովնան յուր հին երգը։— Զատկի երեկո մի իրան նման ջահել տղա եկավ․ հետը գնաց նրանց տուն։ Մինչև լույս տուն չեկավ։

Այս բոլորից Վարվառեն զգում էր, որ Ռոստամյանն, արդարև, տանջվում է։ Քանի՜ անգամ Վարվառեն տեսել է նրան ցերեկով, լուսամուտից գաղտնի իրան դիտելիս, հուզված դեմքով, վառ աչքերով։ Տանջվում է, այո, բայց ո՞վ է մեղավորը։ Չէ՞ որ նա հանգիստ և խաղաղ կյանք էր վարում մինչև Վարվառեին հանդիպելը։