Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/514

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մահացու հարված․․․ Քանի որ նրան հայտնի չէ, ես կվերջացնեմ ամեն ինչ․․․

Նա շտապով գրասեղանի վրայից վերցրեց գրիչ ու թուղթ և նստեց։ Տասը րոպեի չափ նա, գրիչը ձեռքին, գլուխը կրծքին թեքած, ձախ ձեռով ճակատը սեղմած, մտածում էր։ Մի քանի անգամ նա գրեց, ջնջեց, թերթը պատռոտեց, նորը վերցրեց, դարձյալ գրեց, ջնջեց և դարձյալ թերթը պատռոտեց։

Վերջապես, ավելի հուզված, գրիչը մի կողմ շպրտեց և վեր կացավ տեղից։ Նա կամենում էր նամակով խնդրել Ռոստամյանին՝ դադարել իրան հետամուտ լինելուց։ Բայց ի՞նչ իրավունքով նա պիտի մի այդպիսի համարձակ պատվեր տա այն մարդուն, որը դեռևս խոսքով մի ակնարկություն չի արել յուր սիրո մասին, որի սիրտը դեռ կիսով չափ մութն էր նրա համար։ Մի գուցե երևակայությունը խաբում էր նրան։

Երբ այդ երիտասարդը կհայտնի յուր սերը, եթե սիրում է, նա կաշխատի հաղթել ինքն իրան և կբացատրի, թե անկարելի է, որ միմյանց սիրեն։ Թո՛ղ լինեն եղբայր ու քույր։ Քույր ու եղբա՜յր․․․ ո՛րքան մեծ բախտավորություն է այնպիսի եղբայր ունենալ։ Իսկ Վարվառեն չունի եղբայր․ նա էլ քույր չունի։ Բայց կարելի՞ բան է այս։— Ամենևին, այդ կլիներ ինքնախաբեություն։ Նրանք պիտի հեռու լինեն իրարուց, չպիտի տեսնվեն։ Եվ, իհարկե, պիտի հեռանա Վարվառեն։ Այո, նա կխնդրի հորը, որ տեղափոխվեն այս բնակարանից․․․ Այն ժամանակ թող նա մնա միայնակ յուր զգացմունքների հետ, նա կհաղթի ինքն իրան, կաշխատի հաղթել։ Ուրիշ կերպ անկարելի է․․․ նա պարտավոր է մոռանալ նրան․․․

Սակայն այս մի րոպեական վճիռ էր, որ իսկույն փոխվեց, և Վարվառեի մտքերն ու զգացմունքները ավելի շփոթվեցին։ Անորոշ մտատանջության մեջ նա երկար ժամանակ անցուդարձ էր անում սենյակի մեջ։ Մի րոպե կանգնեց պահարանի առջև, նայեց հայելու մեջ։ Նրան թվաց, թե վերջին երկու երեք շաբաթվա ընթացքում ավելի նիհարել է և ավելի գունաթափվել, չնայելով, որ գարնանային եղանակը նրա այտերի վրա ևս սփռել էր այն թեթև պարզ կարմրությունը, որով տարվա այդ միջոցին օծվում է ամեն