խույս էր տալիս։ Ծերունու այս հանկարծակի փոփոխությունը Ռոստամյանին և՛ զարմացրեց, և՛ վիրավորեց։
Հետևյալ և երրորդ օրը նա փողոցում ու գավթում երկու անգամ բարևեց։ Ծերունին նրա ողջույնն ընդունեց գլխի մի թեթև շարժումով։ Նրա կասկածն ավելի զորացավ։ Բացի այն, որ Մինաս Կիրիլլիչը կարող էր յուր աղջկա և երիտասարդ հարևանի հարաբերությունների ներքին դրդիչ պատճառն զգալ, ինքնըստինքյան ծերունու սառնությունը վիրավորական էր Ռոստամյանի համար։ Մենակեցությունը, բնականաբար, նրա մեջ զարգացրել էր զգայուն ինքնասիրություն։ Նա, որ բնավ յուր բարեկամությամբ կամ ծանոթությամբ, մեկին ձանձրացրած չէր, այժմ զգում էր, որ տաղտկացնում է մի ծերունու։ Ահա ինչու զատիկ օրվա այցին նա երկար չմնաց։
Բայց ինքնասիրության այդ վիրավորանքը շուտով անցավ։ Մնաց միայն մի կասկած․ արդյոք, Մինաս Կիրիլլիչն իսկապես զգո՞ւմ է Ռոստամյանի այցելությունների դրդիչ պատճառը։ Եթե զգում է — հետևաբար իրավունք ունի ոչ միայն սառն վարվել, այլև ատել նրան, այլև չընդունել յուր տան մեջ։ Այդ շատ բնական կլիներ։ Վարվառեն ամուսնացած կին է, իսկ Մինաս Կիրիլլիչը — նրա և յուր սեփական պատվի նախանձախնդիր հայր։ Ի՞նչ փույթ նրան, թե Ռոստամյանին ինչ զգացմունք է մղում դեպի նրա աղջիկը, ի՞նչ փույթ, եթե աղջիկը մինչև անգամ․․․ սիրում է այդ երիտասարդին։ Նրանց մեջ կա մի զորեղ պատնեշ, և ով կհամարձակվի այդ պատնեշը խորտակել — կխորտակի և Մինաս Կիրիլլիչի պատիվը, անունը։ Նա դեպի անդունդը կգլորի և՛ յուր և՛ Վարվառեի պատիվը։
Այսպես է Մինաս Կիրիլլիչի գաղափարը, նույնն է և շատերի համոզմունքը։ Ուրեմն, Ռոստամյանն եթե չի հարգում այդ նախապաշարմունքը, գոնե չունի իրավունք և՛ դատապարտելու Մինաս Կիիրիլլիչին։ Երկու զորեղ սպառնալիքներ, Դամոկլեսի սրի պես, կանգնած են նրա գլխին — հասարակություն և կրոն։
Առաջին օրից նա դեպի այդ պատկառելի ծերունին զգաց որդիական հարգանք։ Երբ լսեց Վարվառեի պատմությունը, հարգանքը վերափոխվեց ատելության, պատկառելի մարդը դարձավ բռնակալ