Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/523

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Գիտեմ․․․

— Ես սիրում եմ նրան․․․

— Իսկ ինձ․․․ ո՞չ։

— Մի ստիպեք ինձ խոսել իմ սիրո մասին։ Նա պարզ է ձեզ համար, Ստեփան, ո՛չ այսօր, ո՛չ երեկ․․․ Հիշում ե՞ք այն օրն, երբ մեզ ցույց էիք տալիս այս բնակարանը։ Ես չպիտի տեսնեի ձեզ, տեսա, և հենց առաջին րոպեից իմ մեջ հղացավ այն, ինչ որ մինչև այն օրը չէի զգացել։ Ապացույցնե՞ր եք պահանջում․․․ Անքուն, վշտալի արտասուքով ողողված գիշերները լեզու չունին․․․ Ինչո՞ւ չեք հարցնում ձեր սրտից։ Թե ինչը ձեր մեջ գրավեց ինձ — մի ստիպեք բացատրել․․․ ես անկարող եմ․․․ ես ինքս չեմ հասկանում․․․ Ոչինչ չեմ հասկանում։

Նա հազիվ կարողացավ զսպել յուր հեկեկանքը։ Մշտական թախծալի աչքերի մեջ փայլող հուրը, ցնցողաբար դողացող շրթունքները, ձայնի կաթոգին հնչյունը — այս բոլորը ոչնչացրին և՛ այն վերջին թույլ կասկածը, որ տակավին մնում էր Ռոստամյանի սրտում։ Վարվառեն մի քանի վայրկյան լուռ նայեց հատակին, հետո գլուխը բարձրացրեց և, երբ նրանց հայացքները կրկին հանդիպեցին միմյանց, Ռոստամյանը գրկաբաց դիմեց դեպի նա։

— Ո՛չ, հեռո՛ւ կացեք․․․ Լսեցե՛ք, հա՛յրս, հա՛յրս, հասկանո՞ւմ եք, անբախտ մարդ, ես նրան սիրում եմ։ Բավական է այսքանը․․․ Ո՛չ, մեր մեջ ո՛չ մի կապ չի կարող լինել։

— Վարվառե՜․․․

— Զուր եք տանջում ձեզ և ինձ։ Ասացե՛ք, — ինչ կապ կարող է լինել մեր մեջ։

— Սիրո ամուր շղթան․․․ Նա սուրբ է, հաստատ է, քան որևէ օրինական կապ։

— Բայց․․․ արգելված է։

— Ամենևի՜ն․․․ մենք կարող ենք․․․ ամուսնանալ։

Վարվառեն դառն ժպտաց։

— Դուք կարող եք ազատություն պահանջել, օրենքը ձեզ իրավունք է տալիս,— շարունակեց Ռոստամյանը վստահ ձայնով։

— Ազատությո՞ւն․․․— կրկնեց Վարվառեն կսկծալի հեգնությամբ․․․— ումի՞ց պիտի պահանջեմ նրան։