Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Հայրս չի կարող տանել այդ ծանր հարվածը, նա շատ է սիրում ինձ», ասաց Վարվառեն։

Սիրո՞ւմ է․ ի՞նչ մի բռնակալական սեր է այդ, ի՞նչ սեր է, որ հանուն մի անբախտ և թշվառ կապի, դրդում է հարազատ հորն իսպառ ոչնչացնել յուր միակ դստեր կյանքը։ Ո՛չ, այդ — մոլեռանդ հոր եսամոլություն է, մի եսամոլություն, որ, սակայն, ծնողական սիրո անունով թունավորում է զավակի գոյությունը։ Մինաս Կիրիլլիչը սիրում է ինքն իրան, յուր հանգստությունն, և ո՛չ երբեք Վարվառեին։

Սպասավորն արդեն բերել էր նրա պահանջածը։ Նա մի քանի պատառ կերակրից դրեց բերանը, մի բաժակ գինի խմեց և լիք շիշը զզվանքով հեռացրեց մի կողմ։

Ի՞նչ է անում այժմ այդ սիրող հայրը․— արդյոք նախատո՞ւմ է աղջկան, իսկ աղջիկը, նրա առջև չոքած, արտասվալի աչքերով ներումն է խնդրում․․․

Նա մտաբերեց և՛ Կատոյի խորամանկ աչքերը, չարախնդիր ծիծաղը։ Ուրեմն այդ կինը լրտեսել է նրանց։ Վերջապես, թաքցնել այսուհետև այլևս անկարելի է։ Վաղը, մյուս օրն անզուսպ կինն ամբողջ քաղաքի մեջ հռչակելու է կատարված անցքը, հարկավ, մեկին հինգ ավելացնելով։

Անա՜րգ։ Ի՞նչն է այդ կնոջը ստիպում թշնամանալ ուրիշների բախտին։ Նախա՞նձը։ — Ո՛չ, կա մի այլ պատճառ․․․ Չէ՞ որ մի բանով պիտի արդարացնի յուր հանցավոր խիղճը։ Տեր աստված, և այդպիսինե՞րը պիտի դատավոր լինեն Վարվառեի գլխին․․․

Հյուրանոցը տակավ առ տակավ դատ արկվեց, մյուս սենյակից ձայն չէր լսվում։ Սպասավորն անդադար ներս էր մտնում ու դուրս գալիս։ Ռոստամյանը վճարեց և դուրս գնաց։

Փողոցում նրա տխրությունը կրկնապատկվեց, ո՞ւր գնալ այժմ։ Տո՞ւն վերադառնալ։ Ոչ — անկարելի է առայժմ։ Ամոթի զգացմունքը դարձյալ գրգռվեց նրա մեջ։ Ի՞նչ երեսով նա պիտի հանդիպի Մինաս Կիրիլլիչին։ Անշուշտ ծերունին գիտե արդեն, թե ինչու յուր հարևանն այնպես այլայլված դուրս եկավ։

Թո՛ղ իմանա, թո՛ղ հայտնի լինի և՛ ամենքին։ «Ո՛չ ոք, ո՛չ ոք այլևս չի կարող մեզ բաժանել, ո՛չ հասարակության բամբասանքը,