ո՛չ օրենքի խոչընդոտները և ո՛չ Մինաս Կիրիլլիչի պատվասիրությունը, միայն թե Վարվառեն սիրե ինձ այնպես, ինչպես ես եմ սիրում»․․․
— Ռոստամյան,— լսեց նա հանկարծ մի ծանոթ ձայն, հետ նայեց և կանգ առավ։
Փողոցի մյուս կողմից շտապ քայլերով մոտենում էր մի երիտասարդ պարոն։
Դա Ռոստամյանի ուսանող ընկեր Սարգսյանն էր։ Այս երիտասարդի հետ Ռոստամյանը Մոսկվայում համեմատաբար ավելի մոտիկ բարեկամություն ուներ, քան մի որևէ ուրիշի հետ, թեև Սարգսյանն ուսանում էր համալսարանում, իսկ ինքը՝ երկրագործական ճեմարանում։ Սարգսյանն ի բնե բարեսիրտ, անկեղծ և մտածող, խոսել սիրող տղա էր։ Նրա բուն թիֆլիսեցի ծնողները բավական ունևոր մարդիկ էին, ուստի շատ անգամ նա յուր ստացած թոշակի ավելվածով կարողանում էր օգնել աղքատ ընկերներին։ Ի միջի այլոց, նա մի անգամ նեղությունից ազատել էր և՛ Ռոստամյանին, հակառակ վերջինի համառությանը, տալով նրան փոխադարձաբար մի գումար ուսման և բնակարանի վարձն յուր ժամանակին վճարելու համար։ Ռոստամյանն, այս օգնությունից հետո, ի սրտե հարգում էր Սարգսյանին և թեև նրանց բարեկամությունը մտերմության աստիճանից տակավին հեռու էր, բայց դեպք եղած ժամանակ Սարգսյանն յուր անկեղծությամբ կարողանում էր մերձենալ նրա սրտին․․․
— Ո՞ւր ես գնում այսպես մտամոլոր,— հարցրեց Սարգսյանը, բարեկամաբար ժպտալով և երկու ձեռներով սեղմելով Ռոստամյանի աջը։
— Հենց այնպես, զբոսնում եմ,— պատասխանեց Ռոստամյանը։
— Ուրեմն թույլ տուր քեզ ընկերանալ։ Զարմանալի է, տոներին ես սաստիկ տխրում եմ անգործությունից։ Գնա՛նք միասին։
Նրանք, խոսակցելով, անցան դեպի Միքայելյան կամուրջի կողմը։ Սարգսյանը հարցրեց Ռոստամյանի առողջության և գործերի մասին, պատմեց յուր դրությունը, հաղորդեց մի քանի նորություններ։ Հետո խոսակցությունն անցավ նրանց նախկին ուսումնակիցների