Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/530

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրա։ Սարգսյանը սկսեզ մեկին պախարակել, մյուսին քննադատել, մի երրորդի մասին խոսել արհամարհանքով։

— Գիտես ինչ — ասում էր նա կյանքից հիասթափված մարդու եղանակով․— այս անպիտան կյանքը մարդուս շատ է փչացնում։ Նա մի սարսափելի փորձություն է։ Այն, ինչ որ ատում էինք ուսանողության ժամանակ, այժմ մեզ շատ հրապուրիչ է երևում․ մենք նրանով հափշտակվում ենք։ Օրինակ, ես․․․ պարզ զգում եմ, որ օրից օր ընկնում եմ, անկեղծ եմ ասում, ընկնում եմ, Ռոստամյան։ Երբեմն նայում եմ ինձ նախկին Սարգսյանի աչքերով և ի՛նչ եմ տեսնում, գիտե՞ս, տեսնում եմ, որ արդեն մինչև ծնկներս, խոզի պես, խրվել եմ կեղտոտ, հոտած ճահճի մեջ և մի փոքր ևս անցնի, պիտի բոլորովին նստեմ։ Այդ դեռ ես եմ․․․ կան ինձանից վատերը։ Սաթունյանը, այն ծայրահեղ նիհիլիստը, այժմ ծայրահեղ չինովնիկ է դարձել։ Մեսրոպյանը, հիշո՞ւմ ես այն մոլեռանդ քարոզչին, որ միշտ ժողովրդի շահերի համար փրփուրը բերանին կխոսեր, երևակայի՛ր, այժմ չի ամաչում ասել․ «Զոհում եմ իմ բոլոր այն ժամանակվա գաղափարները մի կնոջ քաղցր ժպտին»։ Ծաղրում է, ծիծաղում է, բամբասում է, է՛հ, ինչ ասես, անում է․ մաշում է յուր կոշիկներով պարահանդեսներում դահլիճների հատակը, խանդում է, նախանձում է, աշխատում է վայր ձգել յուր հակառակորդի անունը։ Եվ այս բոլորն ինչո՞ւ համար։— Երբեմն մի կնոջ աչքին լավ երևալու համար։ Ախ, Ստեփան, չես կարող երևակայել, թե կին ասած արարածը որքան աղավաղում է մեր բնությունը։ Նա ինձ էլ է փչացրել ․․․

— Կինն աղավաղո՞ւմ է մեր բնությունը,— կրկնեց Ռոստամյանը։— Եվ այդ ասում ես դո՞ւ, որ մի ժամանակ պաշտպանում էիր կանանց։

— Այո՛, պաշտպանում էի, ինչու թաքցնեմ մ՛եղքս, պաշտպանում էի և հիանում այն փիլիսոփաներով, որոնք գոռում ու գոչում են, թե կինը տղամարդի ստրուկն է, թե նա հարստահարում է և այլն, և այլն։ Որովհետև մեր բոլորի աշխարհայացքներն ու գաղափարները փոխվել են, ես էլ եմ փոխել իմ համոզմունքը։ Բայց ես գտել եմ ճշմարտությունը։ Ես պնդում եմ այժմ, որ մենք տղամարդիկս ենք կանանց ստրուկները և ոչ թե նրանք — մերը։