Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/531

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուսումնասիրի՛ր կյանքի մանրամասնությունները և դու շատ ապացույցներ կդտնես։ Ասա, խնդրեմ, որո՞նք են ստրուկի հատկությունն՛երը։ ՉԷ՞ որ կեղծավորությունը, հաճոյախոսությունը, բութ սրախոսությունը, ստախոսությունը, երկյուղը, հլու հնազանդությունը։ Այժմ ասա, ո՞վ ո՛րի առջև ավելի է կեղծում, հաճոյախոսում, ստում․ ո՞վ ո՛րի կամքին ավելի է հպատակվում կյանքի մեջ — կի՞նը, թե՞ տղամարդը։— Տղամարդը։ Ես շատերին եմ ճանաչում, որ հաջողություն ունին կանանց շրջանում լոկ այն պատճառով, որ գիշեր ու ցերեկ կեղծավորում են նրանց, ուղղակի կամ ակնարկություններով գովում են նրանց քիթը, բերանը, աչքերը, հասակը, հլու հնազանդությամբ կատարում են նրանց կամքը։ Այլևս չեմ խոսում այն անթիվ հիմարների մասին, որ կնոջ մի ժպիտի համար կրկեսային ծաղրածվի դեր են կատարում։ Ահա՛, մտիկ արա այն տուտուցին,— ավելացրեց Սարգսյանը, Ռոստամյանի ուշադրությունը դարձնելով մի բավական երիտասարդ տղամարդի վրա, որ անցնում էր երկու կանանց հետ։— Ինչո՞ւ նա է մեջքից այնպես թեքվում խոսելու ժամանակ և ոչ թե կանայք։ Բայց նայի՛ր, ինչպես կանայք հպարտ, գլուխները բարձր պահած, լսում են, առանց անգամ նրա երեսին նայելու։ Իսկ նա հիմարներից չէ․ մարդը Թիֆլիսի մեջ հայտնի է ինչպես ամենախելոք դատախազ։ Եվ այսպես, կանայք տղամարդկանց ստիպում են նախ մեջքը թեքել, հետո լեզուն, հետո ամբողջ բնավորությունն և հետզհետե ստորացնում են նրանց ու գցում․․․

Մինչ Սարգսյանը խոսում էր, Ռոստամյանը լուռ խորհում էր նրա ասածների մասին։ «Շատ կարելի է, որ քո ասածը ուղիղ է», մտածում էր նա, մերթ ժպտալով և մերթ հավանական կամ բացասական բառեր արտասանելով։

Նրանք արդեն Միքայելյան փողոցումն էին։ Օրը սկսել էր մթնել։

Հանկարծ Սարգսյանը կիսահեգնական եղանակով ասաց․

— Դու էլ բավական փոխվել ես, Ռոստամյան։ Առաջ ես քեզ վրա ծիծաղում էի, որ դու, պառաված կույսի պես, աշխարհից հեռացած, փակվել ես տանը։ Բայց հետո, երբ մի փոքր կյանքի համն առա, քեզ ամենախելոք մարդն էի համարում և նախանձում