էի։ Այժմ, եղբայր, տեսնում եմ — չէ, քեզ էլ կյանքի հոսանքը փոքր առ փոքր քշում է։ Ախ, կանա՜յք, կանա՜յք։
Այս անսպասելի նկատողությունն և խորհրդավոր եղանակը, որով Սարգսյանը կրկնեց «կանայք» խոսքը, Ռոստամյանին շփոթության մեջ ձգեցին։
— Ես չեմ հասկանում քո ասածը, պա՛րզ խոսիր, Սարգսյան,— ասաց նա հետաքրքրված։
— Լավ, հրեշտակ մի՛ ձևանար։ Ո՞վ է այն կինը, որի հետևից այնպես ընկել էիր նվագահանդեսի երեկո։ Հիշո՞ւմ ես․․․ Այնքան հափշտակված էիր, որ ինձ էլ չնկատեցիր։
— Նա իմ հարևանն է։
— Պսակված է և մարդուց բաժանված, չէ՞։
— Այո,— պատասխանեց Ռոստամյանը լուրջ եղանակով։
— Հը՛մ, ուրեմն զուր չե՞ն խոսում։
— Ո՞վ է խոսում, ի՞նչ են խոսում։
— Ես, ճշմարիտն ասած, ուրիշների ասածներին շատ էլ չեմ հավատում, բայց խոսում են, ի՞նչ արած։ Ճանաչո՞ւմ ես տիկին Բեզիրգանովին, քո տան տիրուհու աղջկան։ Ուղիղն ասած, ես այդ կնոջ երկրպագուների՛ց չեմ, գիտեմ ինչ պտուղ է։ Բայց նա ընդունված է մի լավ ընտանիքում։ Այդ ընտանիքի հետ, անունը մի՛ հարցնիր, ես շատ լավ ծանոթ եմ, այցելում եմ։ Ահա, այնտեղ եմ լսել։
— Բայց ի՞նչ ես լսել։
— Որ դու սիրահարված ես այն կնոջ վրա։ Ես չեմ հավատում, միայն զգույշ կաց թակարդի մեջ չընկնիս, Ստեփան․ քեզ նմանները ոտքով ու ձեռքով են ընկնում։ Բայց, կրկնում եմ, չեմ հավատում, որ դու սիրահարվես ամուսնացած կնոջ վրա, այդ դու չես անիլ։
— Իսկ եթե անե՞մ,— հարցրեց Ռոստամյանը, տակավին կարողանալով պահել յուր սառնությունը։
— Այն ժամանակ, է՛հ, ինչ ասեմ, պիտի զգույշ լինել։ Այդպիսի դեպքերում ճարպիկները հետ դառնալու միշտ ճանապարհ են թողնում, եթե ոչ— հետևանքը կարող է վատ լինել․․․
Այս խոսքերը վիրավորեցին Ռոստամյանի զգացմունքը։ Նա