ցածանում։ Բայց տակավին ուշքը վրան էր, թեև գունաթափվել էր, որպես մի անշնչացած դիակ։ Ի՞նչ ասել, ի՞նչպես արդարանալ, հերքե՞լ, որ չի սիրում Ռոստամյանին, խաբե՞լ ծերունի հորը։— Ո՛չ, այդ անկարելի է և զուր կլինի խաբել։ Նրան ամեն ինչ հայտնի է․․․ կամ ինքն է անձամբ պատուհանից լսել նրանց խոսակցությունը կամ մի ուրիշը լսել է և պատմել։ Վարվառեն մտաբերեց այն սև պատկերն, որ այն օրը սրընթաց անցավ պատուհանի առջևով։ Ո՞վ էր նա։
— Ինձ նման հո՞րն ես անպատվում, ապերախտ աղջիկ,— շարունակեց ծերունին։— Լա՛վ, ասենք, թե ես եմ պատճառը, որ քո ամուսնությունը դժբախտ եղավ, բայց, անիծված, միթե ուրիշ միջոց չունեի՞ր, որ վրեժդ հանեիր ինձանից, միթե միայն այդ խայտառակությո՞ւնն էր մնում ինձ պատժելու համար։ Հազար անգամ բախտավոր կլինեի, եթե դու թույն տայիր ինձ, սպանեիր։ Իսկ ա՞յժմ․․․ ի՞նչ անեմ, ասա, ի՞նչ անեմ․․․ գնամ, սպանե՞մ այն սատանայի ծնունդին․․․
— Հա՜յր,— գոչեց Վարվառեն, ձեռները պարզելով դեպի կատաղած ծերունին․․․— սպանեցե՛ք ինձ, ես ուրախությամբ պատրաստ եմ մեռնել ձեր ձեռքից։ Ես հանցավոր եմ, խոստովանվում եմ։ Բայց հանցավոր եմ նրանով միայն, որ սիրում եմ․․․ ուրիշ ոչինչ։ Ես չեմ ուզում ձեզ սուտ ասել, խաբել, ինչո՞ւ երկրորդ անգամ հանցանք գործեմ։ Եթե իմ կամքից լիներ կախված, ես նրան չէի թողնիլ, որ ոտք դնի այստեղ։ Բայց․․․ չկարողացա։ Ինչո՞ւ բերիք դուք ինձ այստեղ, ինչո՞ւ ինձ և նրան կրակի մեջ գցեցիք։ Ի՞նչ եմ ասում։ Ոչ, դուք մեղավոր չեք, այսպես պիտի լիներ և եղավ։ Բայց ուշ չէ, երդվում եմ մորս գերեզմանով, որ ուշ չէ, հավատո՞ւմ եք, պապա։ Մինչև այս րոպե ինձ միմիայն նրա սերն է հայտնի․․․ ուրիշ ոչինչ։ Այժմ մնում է, որ ես մոռացության տամ այդ սերն էլ։ Գնա՛նք, պապա, հեռանա՛նք Թիֆլիսից․․․ ես պատրաստ եմ․․․ ես․․․ կմոռա․․․
Վարվառեն չկարողացավ ավարտել վերջին խոսքը, գլուխը թուլացած ծռվեց դեպի աջ ուսը։ Նա անշնչացած ընկավ հատակի վրա։
Մի քանի վայրկյան սառն, ապշած ծերունին նայում էր դստեր