Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/542

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խանդոտ եմ․ վաղն էլ կասես, հավլաբարցու պես, թե տանը նստիր ու մի դուրս գնար։ Ամաչի՛ր, ամաչի՛ր, Լազրո, լսողներն ի՞նչ կասեն։ Այն հին ժամանակներն էր, որ մարդը կնոջ գլխի տերն էր, հիմա ուրիշ ժամանակ է, հասկանո՞ւմ ես։

— Դրուստն ասեմ, ինձ համար հին ժամանակները հիմիկվանից շատ ու շատ լավ էին։

Կատոն աչքերի բիբերն ավելի կատաղի ոլորեց դեպի ամուսնու կողմը։

— Ի՞նչ․․․ ես կալատոզի, դաբաղի, թե՞ կոշկակարի աղջիկ եմ քեզ համար,— գոչեց նա վրդովված։— Ափսոս․․․ դու էլ, այ, այնպիսի կնիկ պիտի ունենայիր, քեզ խրատեր,— ավելացրեց նա, գլուխը խորհրդավոր կերպով շարժելով դեպի հարևան բնակարանի կողմը,— խոմ խեղճ մարդն աղջկանից չէր հեռանում, տեսա՞ր ինչ արավ։

— Դե լավ, հերիք է, Կատո,— մեջ մտավ այրի Նատալիան, խրատելով յուր աղջկան,— նա քեզ խոմ մի բան չասաց, հանաք արավ։

— Թող մյուս անգամ քաղաքավարի հանաք անի,— ասաց տիկինը հանդիմանական եղանակով,— թե չէ, դու էլ կկարծես, թե ես երկար թրև եմ գալիս դրսերում։ Գնա՛նք,— դարձավ նա ամուսնուն,— գնա՛նք, մի քիչ կառքով ման գանք, հետո տասներկու ժամին ինձ կտանես տիկին Սաթոյանի տունը։

Աղջիկն ու փեսան դուրս գնալուց հետո, այրին մի երկար հառաչանք արձակեց կրծքից և ինքն իրան արտասանեց․

— Երանի թե դուք մինչև մահ հաշտ մնաք։

Մի քանի ժամ անցած, Պետրեն՝ այրիի ծառան, սկսեց ճաշի սեղանը պատրաստել։ Առավոտյան Ռոստամյանը այրիի հարցին պատասխանել էր, թե տանն է ճաշելու, բայց արդեն երրորդ ժամն էր, նա դեռ չէր վերադարձել տուն։ Վերջապես, նա եկավ, և այրին անմիջապես հրավիրեց նրան ճաշի։

Ռոստամյանը հոգնած էր, քրտնած, կոշիկներն և վարտիկի եզերքը փոշոտ։

— Շա՞տ եք ման եկել,— հարցրեց այրին։

— Գնացել էի հեռու, քաղաքից դուրս,— պատասխանեց Ռոստամյանը հոգնած ձայնով։