դեռ հույս ուներ մի լուր ստանալու․․․ մերթ ընդ մերթ դուրս էր գալիս պատշգամբ, հուսալով մի կերպ հանդիպել ռուս աղախնին։ Բայց խոհանոցի ճրագն ևս վաղուց հանգցրած էր։ Պատշգամբի վրա տիրում էր մի հուսահատիչ խաղաղություն։ Մռայլ խավարն ահ էր ազդում նրա վրա․ նրա սիրտը, կարծես, գուշակում էր մի նոր դժբախտություն։ Թվում էր նրան, որ չար օրհասն արդեն հավիտյան զրկել է նրան Վարվառեի տեսությունից։ Եվ այլևս հույս չուներ մի լուր ստանալու։ Ուստի դռները ծածկեց, հագուստը հանեց և պառկեց անկողին։
Տաժանելի էր այդ գիշերը նրա համար։ Ներկան և ապագան մի անթափանցելի քաոս էին ներկայացնում նրա առջև։ Ի՞նչպես պատահեց այդ բոլորն, ի՞նչպես հղացավ նրա մեջ և զարգացավ այդ զգացմունքը։ Չէ՞ որ կար ժամանակ, երբ նրան ծիծաղելի կթվար, եթե մեկը գուշակեր նրա այն դրությունը, որի մեջ գտնվում է այժմ։ Այո՛, կյանքը մի նրբիմաստ, անվերծանելի երևույթ է․ որքան խորն ես թափանցում նրա մեջ, այնքան նա գաղտնախորհուրդ է դառնում։ Կարո՞ղ էր նա երեք ամիս առաջ երևակայել, թե յուր խաղաղ, անդորր, միատեսակ և ձանձրալի դրությունն այսպես արմատապես պիտի փոխվի։ Եվ ի՞նչ է այս զգացմունքը․ ի՞նչ մի աներևույթ զորություն է, որ այնքան բռնակալ է և անհաղթելի։ Սիրել և չհուսալ, որ երբևիցե կարող ես վայելել — ոչ, սրանից ավելի ծանր տանջանք երևակայել անհնարին է։
Չարչարված նյարդերին գեթ մի երկու ժամ հանգիստ տալու համար, Ռոստամյանն աշխատում էր մոռանալ յուր ծանր մտքերը — չմտածել բոլորովին կամ մտածել այլ բաների վրա։ Եվ բորբոքված երևակայությունը քանի մի րոպե նրան, ներկայից անջատելով, տարավ դեպի հեռու, դեպի յուր խորին անցյալը։ Հիշեց նա յուր մայրենի քաղաքն, յուր ծնողներին, յուր մանկությունը։ Ահավասիկ նրանց աղքատիկ տունն, ահա այն ընդարձակ գավիթն, ուր նա ծառերի ստվերում խաղում էր յուր միակ քրոջ հետ, որ այժմ ամուսնացած է և ապրում է մի գավառական քաղաքում, և յուր կրտսեր եղբոր հետ, որ մեռավ մանուկ հասակում։ Ահա նրա նիհար, աղքատության լուծի ներքո տանջված, գեզեցկադեմ մայրը, ահա նրա, արդեն ալեխառն մազերով, միջահասակ, բուն ասիական