շարժելով և լըխլխացնելով յուր չաղ մարմինը։ Նրա մարմինն այնքան հաստ էր, որ քիչ էր մնում երկայնությունն ու լայնությունը հավասարվեին։ Նա խոսում էր գործակատարների հետ ուրախ և մեղմ, պարգևելով նրանցից յուրաքանչյուրին մի-մի պայծառ ժպիտ։ Իսկ երբ տխուր էր լինում, խիտ հոնքերը գցում էր ցած, նեղ ճակատը կնճռոտում, աչքերը փոքրացնում, ձեռները մեջքին դնում և գլուխը քաշ գցելով սկսում էր արագ քայլերով ման գալ։ Մարդ եմ ասում, որ կարողանար այդ միջոցներին կանգնել նրա առջև, եթե որևէ սխալ էր գործել այդ ժամանակ։ Մակար աղան բաց կաներ յուր բերանը և տեղային բոլոր փողոցային հիշոցները կթափեր նրա գլխին թե՛ հայերեն և թե՛ թուրքերեն լեզվով։
Այդ օրը Մակար աղան շատ զվարթ տրամադրության մեջ էր։ Նա խոսում էր ամենքի հետ քաղցրությամբ, մինչև անգամ ես ևս այդ օրն արժանացա նրա առանձին ուշադրության։ Շուտ-շուտ նա մոտենում էր ինձ և, տեսնելով, որ ես լավ չեմ ծալում կտորները կամ կարգին չեմ փաթաթում թղթերի մեջ, առնում էր ձեռիցս կտորը և ինքը կապում, քաղցրությամբ սովորեցնելով ինձ։ Մակար աղայի ուրախության պատճառը հայտնի էր․ առուտուրն այնքան հաջող էր այդ օրն, որ մենք գյուղացի մուշտարիների ձեռքից հանգստություն չունեինք։
Բայց մի դեպք, որ ինձ համար ծիծաղելի էր և այդ ժամանակ անհասկանալի, փոխեց Մակար աղայի հոգեկան ուրախ տրամադրությունը։ Մի, ինչպես մեզանում ասում էին, «աշխարհ տեսած» գյուղացի, որը մի քանի տարի գյուղում տանուտերի պաշտոն կատարելով և շփվելով չինովնիկների հետ մի փոքր ինքն էլ մտավորապես տաշվել էր և ռուսերեն էլ կոտրատում էր, — հինգ արշին մահուդ էր առնում։ Մահուդը չափելուց հետո գործակատարը կտրեց և ուզում էր ծալեր հանկարծ գյուղացին բռնեց նրա ձեռը։
— Պոժոլստա, — ասաց նա, — մի անգամ էլ չափիր մահուդը։
Գործակատարը տրտնջալով երկրորդ անգամ չափեց — ուղիղ դուրս եկավ, և սկսեց գյուղացուն պախարակել նրս կասկածի համար։ Սակայն գյուղացին չբավականացավ։
— Պոժոլստա, գոսպոդին փրկաշիք, տուր ես չափեմ, — ասաց չարաճճի գյուղացին կես ռուսերեն և կես հայերեն լեզվով,