Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/558

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նա դարձյալ մոտեցավ Վարվառեին, կրկնելով անդադար․

— Գնանք, գնա՛նք, Վարվառե։

Այնինչ Վարվառեն անշարժ կանգնած պատի տակ, երեսը ձեռներով ծածկած, հանդարտ հեկեկում էր։ Երբ Ռոստամյանը մոտեցավ, նա ձեռները հեռացրեց երեսից և վճռական եղանակով արտասանեց․

— Բավական է, մի՛ մոտենար, գնա, գնա՛ և մոռացի՛ր ամեն ինչ․․․

— Մոռանա՞մ, ե՞ս, ե՞ս,— գոչեց Ռոստամյանը,— մոռանա՞մ ամեն ինչ և թողնեմ, որ դու այդ դրության մեջ անջատվե՞ս ինձանից։ Լսի՛ր, Վարվառե, ես այժմ պատրաստ եմ ամեն մի միջոցի դիմել իմ և քո երջանկության համար։ Ես քեզ առաջարկում եմ՝ թողնել ծերունուն և գնալ ինձ հետ այնտեղ, ուր ես կգնամ։ Չե՞ս ուզում։

Վարվառեն մի ձեռով երեսը ծածկեց, մյուսով բացասական նշան արավ։

— Ուրեմն մնում է մի ուրիշ միջոց, թույլ տուր ինձ այս վերջին միջոցին դիմելու։ Թույլ տուր ինձ՝ վաղն անձամբ ներկայանալ հորդ, բացատրել ամեն ինչ, ներումն խնդրել։ Ես նրան կաղաչեմ, կաղերսեմ, որ․․․ Ի՛նչ, միթե այս է՞լ անկարելի է։ Ուրեմն, խնդրիր ինքդ, ես դեռ հույս ունիմ, որ նա այդքան անխիղճ չէ․ դիցուք նա քեզ չի սիրում իբրև հայր, բայց նա մարդ է, ինչևիցե, սիրտ ունե։ Չոքի՛ր նրա առջև, աղաչի՛ր․․․

Մինչև Ռոստամյանը հուսահատ դրության մեջ առաջարկում էր յուր վերջին միջոցները, Վարվառեն, կարծես, լսել անգամ չէր ուզում նրա դառնահնչյուն խոսքերը։ Դողդոջուն ձեռների ափերն իրար սեղմած, նա միայն աղերսում էր Ռոստամյանին՝ թողնել և հեռանալ միայնակ։ Տնային սպիտակագույն թեթև հագուստով, շագանակագույն շքեղ մազերը մի օրվա ընթացքում նշմարելի կերպով նիհարած՝ ուսերի վրայով դեպի սպիտակ կուրծքը սփռված, մեջքից սակավ ինչ թեքված — այս դրության մեջ նրա կերպարանքը, կանթեղի թույլ լուսո ներքո, ներկայացնում էր մի մարմնացած հուսահատություն։ Եվ ահա այս վիճակում նա աղերսում էր Ռոստամյանին, որ գնա, հեռանա, զրկվի հավիտյան նրա