Էջ:Shirvanzade I hator.djvu/560

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երկայն ճանապարհորդական կոշիկները ոտներին քաշեց և դուրս եկավ սենյակից։ Նրա դեմքն ուրախ է, աչքերը փայլում են, կարծես Թիֆլիսից հեռանալով, նա հավիտյան իրանից թոթափում է տխուր անցքերի ծանր տպավորությունը։ Երեկոյան նա մի քանի անգամ խոսել էր Վարվառեի հետ ուղևորության մասին։ Նա հարցրել էր աղջկան, թե, արդյոք, ոչինչ տկարություն չի՞ զգում, կարո՞ղ է դյուրությամբ ճանապարհորդել։ Վարվառեն նրան հավատացրել էր, թե ինքը բոլորովին առողջ է և թե պատրաստ է ուղևորվել, ուր որ կկամենա հայրը։ Եվ իսկապես նա, ըստ երևույթին, առողջ էր և զվարթ, այտերը փոքր ինչ կարմրած, քայլվածքը սովորականից աշխույժ և ձայնն անհողդողդ, վճռական։

Դեռ վեց ժամն էր․ ճեպակառքի գնացքին մնում էր երկու ամբողջ ժամ։ Բայց, իրեղենների շատության պատճառով, պետք էր ժամանակից մի կես ժամ առաջ գնալ և ամեն ինչ տեղավորել։

Մինաս Կիրիլլիչը մի անգամ ևս աչքի անցկացրեց սենյակները, զննեց սնդուկները և կապոցները, թե, արդյոք, բան չի՞ մոռացել։ Հետո նա նայեց ժամացույցին, դուրս եկավ պատշգամբը, ուր խոհարարն սպասում էր տիրոջ վերջին պատվերին։

Նա խոհարարին ուղարկեց շուկա՝ ճանապարհի համար պատրաստի ծխախոտ գնելու, իսկ ինքն անցավ խոհանոց։

Կռները կրծքին ծալած, յուր կապոցի վրա նստած, պառավ Մատրենան նայում էր խշխշող հեշտաեռին, խորասուզված մտքերի մեջ։ Ինչո՞ւ եկան, ինչո՞ւ են գնում — հարցնում էր նա ինքն իրան։ Երեսուն տարի էր, որ նա ծառայում էր Քիրիշչիեվի տանը, տեսել էր նրա կնոջ ու զավակների մահը, իսկ Վարվառեին մեծացրել էր յուր գրկում։ Եվ այդ երկար տարիների ընթացքում նա ընտելացել էր հորն ու աղջկան, իբրև մի ընտանեկից։ Նա շատ անգամ խոստովանվում էր, թե նրանց սիրում է ավելի, քան յուր երկու որդիներին, որոնցից մեկը հայտնի չէր թե որտեղ է, իսկ մյուսը — Վոլգայի վրա բանվորություն էր անում և վաստակածը թողնում օղետներում։ Ուր որ տանում էին, Մատրենան գնում էր անտրտունջ։ Մինաս Կիրիլլիչը, մասամբ հարգելով, մասամբ խնայելով ծերությունը, նրան չէր արձակում պաշտոնից, մանավանդ որ Վարվառեն սիրում էր աղախնին։