— Լավ եմ, Մատրենա, փա՛ռք աստուծո։
— Ոչ, տիրուհի, դուք ինձ խաբում եք, դուք հիվանդ եք։
— Գնա բանիդ, ես իսկույն կգամ,— ընդհատեց աղախնի խոսքը Վարվառեն։
— Ջուր չե՞ք կամենում լվացվելու համար։
— Ո՛չ, հետո, այժմ չեմ ուզում։
Մատրենան դուրս գնաց։
— Տեր աստված, մի՞թե ինձ չի հաջողվիլ զսպել թուլությունս,— ասաց Վարվառեն ինքն իրան,— նախ և առաջ հարկավոր է թաքցնել այս թաշկինակները․․ Կուրծքս․․․ Կուրծքս,— ավելացրեց նա, բարձի տակից երկու արյունաշաղախ սպիտակ թաշկինակներ հանելով և գրպանը դնելով։
Չարագուշակ հազն ընդհատեց նրա խոսքը, նրա այտերը կապտեցին, պարանոցի մուգ-մոխրագոլյն երակները դուրս ցցվեցին։ Նա թաշկինակներից մեկը բռնեց բերանին, բայց այս անգամ արյուն չերևեցավ։
Հեշտաեռն արդեն սեղանատան պատուհանի վրա դրած էր։ Մինաս Կիրիլլիչը թեյ էր խմում։
— Մատրենա, թեյ ածիր տիրուհուդ համար, ժամանակն անցնում է,— շտապով հրամայեց նա, մի կողմնակի հայացք ձգելով աղջկա կարմրած այտերի վրա, երբ նա ներս մտավ։
Նա տակավին չէր կարծում, թե աղջկա հիվանդությունն այնչափ վտանգավոր է։ Վարվառեն բաց արավ սնդուկը, գնաց յուր սենյակը, այնտեղ մնում էին մի քանի իրեղեններ, որոնց պիտի տեղավորեր։
Մինչ նա զբաղված էր յուր գործերով, ծերունին խոհարարին հրամայեց գնալ երկու կառք բերել, որ իրեղենները ժամ առաջ ուղարկի։ Իսկ Մատրենան, Վարվառեի համար մի բաժակ թեյ ածած, սպասում էր։ Մինաս Կիրիլլիչը ծխելով անցուդարձ էր անում։ Շուտ-շուտ նա նայում էր ժամացույցին և շտապեցնում էր աղջկան, որ գործն ավարտի։ Արդեն յոթը ժամը լրանում էր։ Վարվառեն իրերը տեղավորեց, վերջացրեց և նստեց սնդուկի վրա, որ հանգստանա։ Շնչառությունը բոլորովին թուլացել էր, այտերի կարմրությունն անհետացել։