Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/564

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Իսկույն կանցնի,— ասաց նա դողդոջուն ձայնով,— բժիշկ հարկավոր չէ․․․ իսկույն կուղևորվենք․․․

— Ոչ, Վարվառե, այսօր չէ, վաղը կգնանք, դու տկար ես․․․ մի՛ վախենար, բժիշկը կգա և կօգնի․․․

Ներս մտավ այրի Նատալիան և, ճակատի մազերը հետ քաշելով, կես զարմացած և կես վախեցած մոտեցավ Վարվառեի անկողնակալին։

— Չէ՞ի ասում ձեզ, որ հիվանդ է, տեսա՞ք,— դարձավ նա ծերունուն հանդիմանորեն։— Ոչինչ, Վարվառե, աղջիկս, ուշքի եկ, սիրտ առ․․․

Նա շտապով վազեց, մի բաժակ քացախ բերեց և սկսեց նրանով տրորել հիվանդի ճակատը, պարանոցը, ձեռներն ու ոտների մատները։

Ծառան վերադարձավ և հայտնեց, թե բժիշկ Միսկարյանցը չի ուզում գալ։

— Ինչո՞ւ,— հարցրեց Մինաս Կիրիլլիչը զարմացած և բարկացած։

— Ասում է, զբաղված եմ։

— Անպիտա՛ն, նա իրավունք չունի մերժելու․․․ ես կգնամ և կբերեմ։

— Զուր կլինի աղա, նա բարկանում է, ասում է, ես բժշկում էի նրան, չթողին, որ առողջացնեմ․․․ Այժմ, ասում է, թող ուրիշ բժիշկ կանչեն․․․

— Դոկտոր Միսկարյանցը շատ կոպիտ մարդ է, նա չի գալ, ես գիտեմ, ուղարկեցեք Միրզախանյանցի հետևից, նա իսկույն կգա,— մեջ մտավ այրի Նատալիան։

Ծառան գնաց և, արդարև, իսկույն բերեց Միրզախանյանցին։

Դա մի երիտասարդ մարդ էր, միջահասակ, ֆրանտ հագնված, սաթի պես սև միրուքով, ծնոտը սափրած ու բերանը գրեթե բոլորովին ծածկված հաստ և երկայն ընչացքով, որ ծիծեռնակի թևերի էին նմանվում։

Նա, յուր դեմքին փորձառու գիտնականի արտահայտություն տալով, որ բոլորովին սազ չէր գալիս նրա կանացի այտերին և