Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/569

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ասում եմ,— շարունակեց Կատոն վրդովված,— չէ՞ որ երկու տարի է ծանոթ ենք դու էլ, ես էլ․ «Ծանոթս ո՞րն է, ասում է, դու ես իմ վզին կապել, ես այդ տեսակ դատարկ մարդկանց հետ գործ չունիմ։ Քաղցած է, ասում է, նրանից օգուտ չկա, մի որ էլ կամ պարտք կուզի կամ մի ուրիշ վատ բան կանի»։ Ի՞նչ վատ բան կանի,— հարցնում եմ ես։ «Նրա աչքունքից, ասում է, երևում է, որ իստակ մարդ չէ՛»։ Հիմա, տեսնո՞ւմ ես, մամա, հավլաբարցի քաչալ Լազարեն այնքան մեծ մարդ է դառել, որ իշխաններին էլ չի հավանում։ Ես սկսում եմ խաղաղացնել․․․ Չի լինում, տեսնում եմ, որ աչքերը կարմրած, գայլի պես կատաղած, մարդը փոքր է մնում, որ ինձ տեղն ու տեղը խեղդի։ Վերջը, էլ համբերությունս կտրվեց, սկսեցի հանդիմանել։ Նա ավելի կատաղեց և մի այնպիսի հիշոց տվեց․․․ Ամոթից դուրս եկա ու փախա այստեղ, որ չլսեմ։ Չէ, չէ, մամա, ես այն տեսակ մարդու կնիկ լինել չեմ կարող, նա գժվել է։

Այրին սկսեց խաղաղացնել աղջկան, հրավիրեց ճաշին մնալ, խոստացավ նախատել Լազար Մակարիչին և հաշտեցնել։

— Ես չեմ հաշտվիլ նրա հետ,— գոչեց Կատոն,— թող գնա, ուր որ ուզում է, թող ինձանից լավ կնիկ ճարի իրան համար․․․

Հետևյալ օրը Կատոյի բարկությունն անցավ, և նա խոստացավ մորը, հաշտվել, եթե միայն վերջինը կգնա, Լազար Մակարիչին մի լավ կնախատի և այնպես կանի, որ նա ինքը գա, ներողություն խնդրի․․․

— Թե չէ, ես նրա մոտ չեմ գնալ,— ավելացրեց Կատոն։

Լազար Մակարիչն առաջին օրը շատ կատաղած էր, բայց երբ Կատոն հակառակեց և գիշերեց յուր մոր տանը, առավոտը սկսեց ափսոսալ, որ այնպես կասկածել էր նրա հավատարմության մասին և այնքան կոպիտ էր վարվել հետը։ Սակայն ինքնասիրությունը նրան թույլ չէր տալիս հաշտության ձեռք կարկառել Կատոյին։ Նա սպասում էր և հույս ուներ, որ կինն ինքը կվերադառնա և ներումն կխնդրի։ Վերջապես, երկու օր անցած զոքանչը ներս մտավ, նա մտքումն ուրախացավ, բայց արտաքուստ այրի Նատալիային ընդունեց սառնությամբ։ Այրին սկսեց համոզել նրան, որ