Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/574

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աղախինը զգույշ քայլերով ներս մտավ, Վարվառեի սեղանի վրայի լամպարը վառեց և դուրս գնաց։ Լույսն ընկավ հիվանդի փակ կոպերի վրա․ նա բաց արավ աչքերն ու նայեց դեպի հոր կողմը։

— Ի՞նչ ես ուզում, Վարիա,— հարցրեց վերջինը, աթոռն առաջ քաշելով և ավելի մոտենալով մահճակալին։

— Ո՛չինչ, մտածում էի։

— Ինչի՛ վրա էիր մտածում, Վարիա․․․

— Մտածում էի․․․ մորս մասին, Ես ուզում եմ նրա պատկերը տեսնել, կարելի՞ է, պապա։

Մինաս Կիրիլլիչը, լուռ, գլուխը թեքեց կրծքին և տեղից չշարժվեց։ Հիվանդի տաքությունը սաստիկ էր․ նա, առանց այն ևս, հուզված էր, իսկ ծերունին գիտեր, որ մոր պատկերն ավելի կհուզի նրան։

— Չի՛ կարելի, չե՞ք տալիս, որ նայեմ։ Լավ, մի տվեք, ես արժանի չեմ նրա երեսին ուղիղ աչքերով նայելու։ Հասկանում եմ․․․

— Հանգստացի՛ր, Վարիա, հետո կտեսնես․․․ Գիտես, որ բժիշկն արգելել է քեզ երկար խոսելու․․․

— Արգելե՜լ է, ինչո՞ւ, մի՞թե իմ մոր պատկերն էլ չեմ կարող տեսնել․․․ Ոչ․ բժիշկը սուտ է ասում, ևս թույլ չեմ, ես կարող եմ երկար ու երկար խոսել․․․

Հազը դարձյալ ընդհատեց նրա խոսքը, դարձյալ նրա երեսի գույնը փոխվեց։ Նա դողդոջուն ձեռով նշան արավ։ Հայրը մոտեցրեց նրա բերանին թաշկինակը, որ ընկած էր վերմակի վրա, և հետ դարձրեց պարզ-աղյուսագույն թաց բիծերով շաղախված։

Անտանեչի կսկիծը, սուր ասեղի պես, խայթեց հոր տանջվող սիրտը։ Նա երեսը հետ դարձրեց, որ հիվանդից թաքցնի յուր դեմքի արտահայտությունը։

Իսկ բժիշկը դեռ մխիթարում է ծերունուն։ Ոչ, հույս չկա։ Մի՞թե, միթե հույս չկա՞ այլևս․ մի՞թե նա հավիտյան զրկվելու է յուր վերջին մխիթարությունից։ Ինչո՞ւ, ո՞ւմ պատճառով։

— Հա՜յր,— լսեց ծերունին հիվանդի խռպոտ ձայնը։

— Հա՜յր,— կրկնեց հիվանդը, երեսը շուռ տալով դեպի պատի կողմ։