պահանջում է, բժշկի պատասխանատվությունը պակասում է։ Ես անպարտ եմ։
Հետո նա մի հանգստացուցիչ դեղ գրեց տաքության դեմ և ծառային կանչելով, անձամբ պատվիրեց, որ շուտով դեղը բերի այն հայտնի դեղատնից, որ առաջ ինքը նշանակել էր։
Ծերունին կանչեց նրան մի կողմ։
— Պարոն բժիշկ, այնտեղ աստված, այստեղ դուք,— ասաց նա, նախ ձեռը բարձրացնելով դեպի վեր և ապա ցույց տալով սենյակի հատակը,— ասացե՛ք, հույս կա՞, թե՞ ոչ։
Այս վճռական հարցը բժիշկ Միրզախանյանցին նեղը գցեց, շփոթեցրեց։ Նա աջ ձեռով բռնեց երկճյուղ միրուքի ծայրն և, ձախ ձեռը կողքին հենելով, քանի մի վայրկյան լուռ նայեց սենյակի հատակին։
Դա մի կասկածավոր և խորհրդավոր լռություն էր։ Ծերունին իսկույն նախազգաց, թե բժիշկն եթե խոսեր, ինչ պիտի ասեր։
— Բժիշկ, խնդրում եմ, առանց ուշացնելու, հրավիրեցե՛ք մի քանի այլ բժիշկներ խորհրդակցելու համար։
— Ախ, դուք կոնսիլիո՞ւմ եք ուզում․ լավ, եթե կամենում եք, հրավիրեցե՛ք,— պատասխանեց բժիշկ Միրզախանյանցն և, գլուխը ծռելով դեպի աջ ուսն, ավելացրեց,— իմ կողմից ոչինչ արգելք չկա։
— Անվանեցե՛ք, խնդրեմ, այն բժիշկներին, որոնց կարելի է հրավիրել։
Միրզախանյանցը հիշեց յուր արհեստակիցներից երեքի անուններն և, անմիջապես գրելով նրանց հասցեները, տվեց Մինաս Կիրիլլիչին։
— Իսկ Միսկարյանցին չհրավիրե՞մ,— ասաց ծերունին, տեսնելով, որ ցուցակի մեջ չկա այն բժշկի անունը, որի մասին նա շատ գովասանք էր լսել։
— Նա կոպիտ է։
— Բայց հասկացող է, ասում են։
— Նրա հասկացողության չափը մեզ բժիշկներիս է հայտնի։ Ամբոխը կույր է․․․
Այսուամենայնիվ, Մինաս Կիրիլլիչը պնդեց, որ անպատճառ