Էջ:Shirvanzade I hator.djvu/584

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անձրև էր եկել, և օդն այնպես մաքուր էր, որպես միայն լինում է աշնանը։

Ծերունին ինքն էր ընտրել Խոջիվանքի գերեզմանատունը և անձամբ նշանակել էր յուր դստեր գերեզմանի տեղը, մի փոքր հեռու մյուս գերեզմաններից, պարսպի մոտ։

Դագաղը դրեցին նորավար գերեզմանի խոնավ հողի վրա, վերջին հոգեհանգիստը կատարվեց։ Իսկ ծերունին դարձյալ չէր լալիս․ նա նույն դրության մեջ, ինչպես եկեղեցում, կանգնած էր անշարժ, դարձյալ աչքերը հառած հանգուցյալի երեսին։ Կարծես նա ոչինչ չէր զգում, ոչինչ չէր նկատում և չգիտեր թե ինչ է կատարվում յուր շուրջը։

Քահանաները լռեցին․ նրանցից մեկը, խաչի ծայրը դնելով ծերունու ձեռի վրա, ինչ-որ ասաց և ցույց ավհց դագաղը։ Հայրը վերջին անգամ պիտի համբուրեր յուր միակ զավակի սառը դիակը։ Եվ նա համբուրեց։ Հետո դագաղը ցած իջեցրին, քահանաները դարձյալ սկսեցին երգել։ Հետո ծերունուն, առաջարկեցին մի բուռն հող վերցնել, քահանան ինչ-որ կարդաց, խաչակնքեց և, ծերունին հողը սփռեց դագաղի մեջ․․․ աղջկա երեսին։ Այնուհետև նա վերցրեց երկրորդ բուռը, հետո երրորդն, և այդ րոպեին համքարների մեջ մի թեթև իրարանցում ընկավ։

— Ես ասո՞ւմ էի, ես ասո՞ւմ էի, որ ավազակները նրան հավւշտակել են, որ ուզում են սպանել։ Իսկ նրանք ինձ չէին թողնում, որ գամ և ազատեմ նրան․․․

Այսպես գոչելով, առաջ վազեց մեկն և թուլացած ոչ թե չոքեց, այլ միանգամայն ընկավ դագաղի մոտ։ Ամենքն ապշած նայեցին միմյանց։ Բեզիրգանովը, ձեռով ցույց տալով յուր ճակատը, աչքունքով մի նշան արավ քահանաներին, հետո մոտեցավ և ուժով նորեկին բաժանեց դագաղից։

Հագուստը մի քանի տեղ պատառոտված, վարտիկի ծնկները փոշոտ, գլուխը բաց, երեսը գունաթափ, մազերը քրքրված, մեջտեղ կանգնած էր․․․ Ռոստամյանը, անշարժ հայացքը հառած դեպի գերեզմանի խորքը, ուր հետզհետե նրա աչքերից անհետանում էր Վարվառեի դագաղը․․․

Այլևս ծերունին կարողություն չուներ կատաղելու։ Բայց երբ