Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես ամեն օր մտածում էի այս կամ այն գործակատարի մեջ գտնել որևէ անհավատարմության նշույլ դեպի աղա Գուլամյանցների շահերը, հետևում էի նրանց, որպեսզի մի որևիցե պակասություն տեսնեմ և իսկույն հայտնեմ Մակար աղային։ Մի անգամ պատահեց մի այնպիսի դեպք, որն առիթ տվեց ինձ այնուհետև գրավել Մակար աղայի վստահությունը։ Մի առավոտ, չգիտեմ ինչու, Մակար աղան մագազին չեկավ։ Մուշտարիներ էլ չկային։ Այդպիսի ժամանակներում գործակատարները, թողնելով իրենց սովորական տեղերը, խմբվում էին միասին և խոսում, ծիծաղում ու զվարճանում։ Խոսակցության առարկան գլխավորապես լինում էր Մակար աղան, որի մասին գործակատարները հազար տեսակ դատողություններ էին անում, քննելով նրա բնավորությունը, կյանքը, վարվողությունն և այլն։ Մեկը գովում էր Մակար աղայի մի հատկությունը, մյուսը, պախարակելով այդ հատկությունը, ցույց էր տալիս նրա մի ուրիշ լավ կամ վատ հատկությունը, բայց վերջ ի վերջո ամենքն էլ միշտ գալիս էին այն եզրակացության, թե նա շատ էլ համակրելի մարդ չէ։

Ես գործակատարների խոսակցության չէի մասնակցում, այլ մի կողմ քաշված ականջ էի դնում։ Չնայելով, որ մագազինում ոչ ոք չկար, նրանք խոսում էին շատ ցածր ձայնով, գրեթե շշնջյունով։

— Գրիգոր, Մակար աղան ի՞նչպես վերջացրեց յուր հաշիվները այն ծերունու հետ, — հարցնում էր գործակատարներից մեկը։

— Ի՞նչ ծերունու։

— Այ, այն Թոթովյանցի, որի հետ քանի ժամանակ է քաշքշվում են երեք եղբայր աղա Գուլամյանցները մուրհակների մասին։

— Ի՞նչպես պիտի վերջացնեին, մուրհակները Մակար աղան հետ առավ և մի կոպեկ էլ նրան չտվեց։ Այժմ խեղճ ծերունին ընկել է աղքատության մեջ և, ինչպես ասում են, մինչև անգամ օրվա մի կտոր չոր հացին էլ կարոտ է մնացել։ Խեղճը կաչաղակ է դառել և գիշեր-ցերեկ, այստեղ-այնտեղ նստած, խոսում է ու խոսում, ոչ ոք նրա խոսքին չի հավատում։ Ասում են, կարելի է շատ հոգսից ծերության օրերում խելքից էլ զրկվի։